Оգոստոսի 2-ից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարող անձինք այսուհետ ենթակա են վարչական պատասխանատվության՝ առավել խստացված կարգով՝ նախկին կարգավորմամբ սահմանված 25,000 դրամը դարձել է 50,000 ՀՀ դրամ։
Ավելին՝ նույն խախտումը կրկին կատարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության, հայտնում է ՆԳՆ–ն։
ՊԾ պետի տեղակալ Արման Չիլինգարյանի խոսքով՝ Քրեական օրենսգրքում կատարված մեկ այլ փոփոխության համաձայն, եթե անձը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին վարում է տրանսպորտային միջոց՝ առանց վարորդական իրավունքի վկայականի, ապա նա արդեն ենթակա է քրեական պատասխանատվության․ արարքը քրեականացվում է։
Նկարագրված արարքի քրեականացումն ինքնանպատակ չէ․ այն հետապնդում է պատժի սպառնալիքով առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի նվազման նպատակ՝ կանխելով հնարավոր հետևանքները։ ՆԳ նախարարության նախաձեռնած այս փոփոխությունները միտված են բացառապես հանրային անվտանգության ու անվտանգ վարորդական մշակույթի ամրապնդմանը։






