AM
12 Օգոստոս 2025 - 09:37 AMT

Աբրահամյան․ Փաստաթղթի 4-5 դրույթով սրախողխող են արվում արցախյան շարժումն ու արցախահայերի իրավունքները

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի 4-5 դրույթով «սրախողխող են արվում արցախյան շարժումն ու արցախահայերի իրավունքները»։

«Այսպես կոչված, խաղաղության փաստաթղթով ոչ միայն Արցախի էջն են իրավական առումով արմատախիլ անում, այլ հիմքեր են նախապատրաստում հետապնդումների բոլոր այն մարդկանց, խմբերի նկատմամբ, ովքեր բարձրաձայնում և պայքարում են արցախցիների իրավունքների վերականգնման և նրանց հավաքական վերադարձի համար:

Փաստաթղթի 4-5 դրույթով, տարբեր ռակուրսներից, սրախողխող է արվում արցախյան շարժումն ու արցախահայերի իրավունքները:

Սրանց ժամանակին հպարտանում էին, որ արցախյան հաղթանակների սերունդ էին ու դրա կրողները, օրերով քեֆեր անում Արցախում, Աղդամը հայրենիք հռչակում, պաթոսախեղդ կենացներ խմում մինչև այն պահը, երբ արտաքին ազդանշաններով քաղաքական կոնյուկտուրան փոխվեց և հիմա էլ մտել են թուրքական մեղրամիսի փուլ»,–ասվում է գրառման մեջ։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։