Փաստաբան և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ այսօրվանից ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատրաստվում է ներկայացնել փաստեր Բագրատ սրբազանի դեմ հարուցված քրեական գործի մասին։ Նա նշել է, որ գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, և փաստաբանները սկսել են հրապարակային խոսել։
«Մեր բերանները փակել էին, այսպես ասած, օրենքի կամայական արգելքով, մեզ արգելել էին նախաքննական տվյալներ հրապարակել, բայց իրենք ինչ ուզում էին հրապարակում էին, ինչ կեղծ ձևով ուզում էին հրապարակում էին, կատարվում էր խայտառակ դաղալություն»,-ասել է Մելիքյանը, գրում է Panorama.am-ը։
Նրա խոսքով՝ այժմ նյութերի հրապարակման սահմանափակում այլևս չկա։
«Դե հիմա բռնվեք, հարգելի ու հիմնականում ոչ հարգելի տիկնայք ու պարոնայք»,–ասել է նա։
Մելիքյանը մանրամասն անդրադարձել է գործով ամբաստանյալ դարձած Տիգրան Գալստյանի իրավիճակին։
«7 հոգի զրուցում են, նշել է օպերատիվ աշխատակիցը։ Նրանցից վեցը խոսում են, մեկը շատ, մեկը՝ քիչ, այդ 7 հոգու մեջ նշված է նաև իմ պաշտպանյալ Տիգրան Գալստյանի անունը, բայց նա մի բառ չի ասում։ Մի բառ չկա, որ ասեն, Տիգրան Գալստյանը փռշտաց, նա ծպտուն չի հանում։ Երբ պաշտպանյալիս հետ խոսեցի, ասեց՝ այստեղ նշված են մարդիկ, որոնց չեմ ճանաչում։ Մենք դատարանում ասեցինք, որ սխալ կա, այդ մարդն այս հանդիպմանը չի եղել, ինչի՞ եք շառ անում։ Քննիչն ասում է, Մելիքյան ջան, ո՞նց կարող է նման բան լինի, եթե նման սխալ կա, էդ օպերատիվ աշխատողին պետք է տանեն դատեն»,-ասել է Մելիքյանը։
Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։






