AM
12 Օգոստոս 2025 - 12:13 AMT

ՀՀ–ում գործազրկությունը նվազել է 1․5%-ով՝ հասնելով 14%-ի

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանում 2025-ի առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը նվազել է՝ կազմելով 14% նախորդ տարվա 15․5%-ի փոխարեն։

Աճել են աշխատուժի մասնակցության և զբաղվածության ցուցանիշները՝ հասնելով համապատասխանաբար 58․2% և 50․1% (նախորդ տարի՝ 57․7% և 48․7%), հայտնում է Factor.am-ը։

Բացարձակ թվերով գործազուրկների թիվը նվազել է 204.4 հազարից մինչև 188.2 հազար, որից 102.8 հազարը տղամարդիկ են, 85.4 հազարը՝ կանայք։

Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2025 թվականի հունիսի վերջի դրությամբ 36,654 է։ Նրանցից 22,185-ը կանայք են, 14,469-ը՝ տղամարդիկ։ Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը գրեթե հավասար է ինչպես քաղաքային (18,561), այնպես էլ գյուղական (18,093) համայնքներում։

Նրանց թվում ամենաշատը 35–44 տարեկաններն են՝ 12,244 քաղաքացի։ Հաջորդում են 45–54 տարեկանները՝ մոտ 8079 մարդ, և 55-ից բարձր տարիքի քաղաքացիները՝ 6110։ 16–34 տարեկանների շրջանում գործազրկության մակարդակը համեմատաբար ցածր է։

Հայաստանում աշխատանք է փնտրում 9 891 երիտասարդ (16–29 տարեկան), ամենաշատը՝ Արարատի և Կոտայքի մարզերում։ 2024-2025թթ. առաջին եռամսյակի տվյալները նախնական են:

Ներկայացվող ցուցանիշները վերաբերում են հետազոտության արդյունքներով գնահատված 15-74 տարեկան

ՀՀ մշտական (ռեզիդենտ) բնակչությանը, ովքեր հետազոտության պահին.

– զբաղված են եղել ՀՀ-ում գտնվող ռեզիդենտ տնտեսական միավորում, կամ ՀՀ-ից դուրս՝ ոչ ռեզիդենտ տնտեսական միավորում (ազգային զբաղվածության ցուցանիշ), որի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացված են «Աշխատանքի շուկան Հայաստանում, 2024» վիճակագրական ժողովածուի «Աշխատանքային գործունեություն. Զբաղվածություն» բաժնում

– գործազուրկ են եղել՝ աշխատանք չեն ունեցել և աշխատանք են փնտրել ՀՀ-ում և (կամ) ՀՀ-ից դուրս (ազգային գործազրկության ցուցանիշ), – չեն եղել զբաղված կամ գործազուրկ՝ դուրս են եղել աշխատուժից (ազգային ցուցանիշ):