AM
12 Օգոստոս 2025 - 12:36 AMT

Փաստաբան․ Սոնա Մնացականյանի իրավահաջորդը որևէ դրամի փոխհատուցում չի ստացել

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ կառավարությունը 2008–ի մարտի 1-ին զոհված 10 քաղաքացիների իրավահաջորդներից յուրաքանչյուրին 67 միլիոն դրամ փոխհատուցում է տվել, գրել է, որ վարչապետի շարասյան ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի իրավահաջորդին որևէ փոխհատուցում չի տրամադրել։

Նա հավելել է, որ նույնիսկ քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա նյութական վնասը որևէ չափով չի վերականգնվել։

«ՀՀ կառավարությունը 2008 թվականի մարտի 1-ին զոհված 10 քաղաքացիների իրավահաջորդներին տրամադրել է 670 միլիոն ՀՀ դրամ, այսինքն յուրաքանչյուրին 67 միլիոն դրամ, և այդ ահռելի, անհասկանալի գումարը հիմա քրեական գործով պահանջում են ՀՀ երկրորդ նախագահից և մյուսներից։

Սա այն պայմաններում, երբ ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի իրավահաջորդը թե ՀՀ կառավարության կողմից և թե առհասարակ՝ որևէ դրամի փոխհատուցում չի ստացել, ավելին՝ նույնիսկ քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա նյութական վնասը որևէ չափով չի վերականգնվել։ Իհարկե, տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի համար դա որևէ նշանակություն չունի, վերջինս միայն իր աղջկա մահվան մեջ մեղավոր անձանց քրեական պատասխանատվությունն ու խիստ պատիժն է կարևորում, բայց սա ընդամենը արձանագրենք ողջամիտ մարդկանց հետևությունների համար»,–ասվում է գրառման մեջ։

2022–ի ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը, վարելով «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա, վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն։ Վերջինս ստացել է ծանր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։ Վթարի պահին ավտոշարասյունը ուղեկցելիս է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մահացած կինը հղի էր՝Սոնա Մնացականյանը։