Գլխավոր դատախազությունը պահանջել է, որ 2008–ի մարտի 1-ի բողոքի ցույցերից հետո զոհվածների և տուժածների ընտանիքներին հատկացված 670 մլն դրամ փոխհատուցումը վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։
Գլխավոր դատախազությունը պահանջում է Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և մյուսներից, գրում է «Հետքը»։
Օգոստոսի 11-ին Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է հարուցել 2008թ. մարտի 1-ի դրությամբ Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և Պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի դեմ։ Համապարտության կարգով, այսինքն՝ յուրաքանչյուրից հավասար չափով, Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670 մլն դրամ վնասը հետադարձ պահանջով բռնագանձելու հարց է առաջ քաշվել։
Հայցը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան և մակագրվել է դատավոր Աշխեն Ղարսլյանին։ Վարույթ ընդունելու վերաբերյալ դատարանը դեռ որոշում չի կայացրել։
2019–ին կառավարությունը որոշում կայացրեց պահուստային ֆոնդից 720 միլիոն դրամ հատկացնել արդարադատության նախարարությանը` 2008 թվականի մարտի 1-ի բողոքի ցույցերի ընթացքում զոհված անձանց ընտանիքներին և տուժածներին աջակցություն տրամադրելու համար։ Ըստ որոշման՝ զոհված քաղաքացու իրավահաջորդին պետությունը պետք է տրամադրեր 30 միլիոն դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին էլ՝ 5 միլիոն դրամ։






