ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ 2025 թվականի հուլիսին Հայաստանի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է 18․6 °C, ինչը 0․9 °C-ով բարձր է եղել նորմայից։
Տեղումների ամսական միջին քանակը կազմել է 40․5 մմ, որը նորմայի 86 %-ն է։ Սյունիքում ձևավորվել են չորային պայմաններ․ այստեղ տեղումները չեն գերազանցել նորմայի 30-50 %-ը, իսկ Մեղրիում հուլիս ամսվա ընթացքում ընդհանրապես անձրև չի գրանցվել։ Լոռիում և Գեղարքունիքի որոշ վայրերում, հակառակը, տեղումները գերազանցել են նորման։
Ամսվա վերջին տասնօրյակը առանձնացել է բարձր ջերմաստիճաններով․ օրական միջին ջերմաստիճանները 2-4 °C-ով բարձր են եղել նորմայից։ Հուլիսի 29-31-ը մի շարք շրջաններում գրանցվել են սաստիկ շոգեր։ Արարատյան դաշտում և Արենիում առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են 40 °C-ը, իսկ հուլիսի 30-ին Արենիում և Ուրցաձորում օդը տաքացել է մինչև 41․5 °C։
Պատմական դիտարկումների համաձայն՝ ամենատաք հուլիսը եղել է 2018 թվականին՝ 20․5 °C միջին ամսական ջերմաստիճանով, իսկ ամենացուրտը՝ 1946-ին՝ 14․6 °C։ Ամենախոնավ հուլիսը գրանցվել է 1939-ին՝ 125․8 մմ տեղումով, իսկ ամենաչորը՝ 1978-ին՝ ընդամենը 5․1 մմ տեղումներով։
Կլիմայի փոփոխության գնահատականներով՝ 1935-2025 թվականներին հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7 °C-ով, իսկ տեղումների քանակը նվազել է մոտ 15 %-ով կամ 7 մմ-ով։






