AM
12 Օգոստոս 2025 - 14:10 AMT

Կարապետյան․ Ընդդիմությունը փափագում էր, որ Իրանն ու ՌԴ–ն պատերազմ կհայտարարեն Հայաստանին

ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Վաշինգտոնում ՀՀ, ԱՄՆ և Ադրբեջանի կողմից ստորագրված փաստաթղթերին, գրել է, որ «ընդդիմությունը կանխատեսում և փափագում էր, որ Իրանն ու Ռուսաստանը ռումբերով պատերազմ կհայտարարեն Հայաստանին»։

Ըստ նրա՝ ընդդիմությունը բոլորովին չի պատկերացնում, թե որքան բարդ քաղաքականություն են վարում պետություն ունեցող ժողովուրդները։

«Պատերազմ չհայտարարվեց, և ահա դժկամորեն-ծուլորեն հրապարակվում են ընդդիմության հայտարարությունները, որտեղ նորից ու կրկին տեղ է գտել հինուբարի օքսիմորոնը՝ հետ բերել մի կողմից արդարությունն ու մարդու իրավունքները և մյուս կողմից Ռուսաստանին։

Այսպես ՀՀԿ-ն մեղադրում է կառավարող ուժին «գեոպոլիտիկ արկածախնդրության մեջ» և պահանջում «արդարության վրա հիմնված» խաղաղություն։

«Հայաստան» դաշինքը նույնպես պահանջում է «միջազգային կոնֆլիկտների լուծման արդարության չափանիշներ» և միևնույն ժամանակ «շահերի բազմակողմ համադրում» և «արտաքին դաշնակիցների ներգրավում»։

Մի խոսքով ընդդիմությանը պետք է մի բան, որը կամ գոյություն չունի, այն է՝ աշխարհաքաղաքական արդարություն կամ մի բան, որ իհարկե գոյություն ուներ՝ աշխարհաքաղաքական «ազդեցության գոտի» հռչակված Հարավային Կովկասում աշխարհից արդարություն պահանջող հայ ժողովուրդ և հարատև կոնֆլիկտ»,–գրել է նա։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։