AM
12 Օգոստոս 2025 - 14:44 AMT

Տոնոյան․ Արցախի կորուստը, Լաչինի ճանապարհի կորուստը ես չէի պատկերացնում

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո դեկլարատիվ հայտարարություններին գնահատական տալ այս պահին չի կարող՝ ամեն ինչ պարզ կդառանա, երբ գործնական քայլեր իրականացվեն։ Այդ միտքը նա ասել է հերթական դատական նիստից հետո, հայտնում է News.am-ը։

«Այսինքն մենք տեսնենք, որ անվտանգության ապահովման տեսանկյունից, խաղաղության հռչակագրում գրվածը իրականացվում է տեղում՝ առաջնագծում, սահմանազատումն իրականացվում է հնարավորինս ճշգրիտ։ Այդ ամենը պարզ կլինի միայն այն ժամանակ, երբ սկսվեն պրակտիկ քայլերը»,–ասել է նա։

Խոսելով «Թրամփի ուղու» մասին, պաշտպանության նախկին նախարարն ասել է․ «Ես այդպիսի ելք չէի պատկերացնում, առնվազն այն՝ ինչ ես պատկերացնում էի, ձևակերպված է նոյեմբերի 9-ի համաձայնություններում։ Արցախի կորուստը, Լաչինի ճանապարհի կորուստը ես չէի պատկերացնում։ Հիմա այլ իրավիճակ է, և այս իրավիճակից ելնելով այսօրվա իշխանությունները նման համաձայնությունների են գալիս։ «Թրամփի ուղու» մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ լինի տեխնիկական առաջադրանքը՝ թե ինչ է իրենից ներկայացնելու այդ ճանապարհը՝ ինչ երկրներ են մասնակցելու այս ծրագրին, ինչ ներդնողներ։ Դեռ պարզ էլ չէ, թե այդ ճանապարհը աշխարհագրորեն որտեղով է անցնելու»։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ իշխանությունների կողմից ներկայացվող «խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործմանը հավատու՞մ է, Դավիթ Տոնոյանն ասել է․ «Այդ բոլոր ճանապարհները խորհրդային միության տարիներին գործում էին, կամ կիսատ էին գործում»։

Հարցին՝ հավատու՞մ է, որ այս իշխանությունների օրոք «խաղաղության դարաշրջան» կարող է սկսվել, պաշտպանության նախկին նախարարը պատասխանել է. «Ես հավատալու կամ չհավատալու խնդիր չունեմ։ Այն, ինչ կատարվել է ինձ հետ… ես որևիցե մեկին այս իշխանությունում հավատալու չունեմ»։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։