AM
12 Օգոստոս 2025 - 14:57 AMT

Միրզոյանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել․ Քննարկել են Համատեղ հռչակագրի իրականացումը

Օգոստոսի 12-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Նախարարները քննարկել են Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։

Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ և վերահաստատել են ուղիղ երկխոսությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը:

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։