AM
13 Օգոստոս 2025 - 06:20 AMT

Ղազարյան․ Հայցերի հետկանչումը կարող է վտանգել գերիների ու տեղահանվածների պաշտպանությունը

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև նախաստորագրված փաստաթղթին, ասել է, որ Երևանի և Բաքվի՝ միջազգային ատյաններից միմյանց դեմ հայցերի հետկանչումը Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիներից բացի բացասաբար ազդելու մարդկանց ավելի լայն շրջանակի վրա՝ ավելի քան 100 հազար այն անձանց վրա, որոնք բռնի կերպով հեռացվել են Արցախից՝ կորցնելով սեփական ունեցվածքը և սոցիալական կապերը՝ առանց դրանք վերականգնելու իրական հեռանկարի, հայտնում է Sputnik Արմենիան։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության նախնական պայմանագրով կողմերը պայմանավորվել են դադարեցնել միմյանց դեմ ընթացող գործերը միջազգային ատյաններում։

Այս պահին Հայաստանն Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ունի ներկայացված 4 միջպետական գանգատ և մեկ գանգատ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում։

«Այն անձինք, ովքեր արդեն դիմել են կամ առաջիկա 1-2 տարում կդիմեն, կարող են ապավինել միջազգային տրիբունալի կողմից իրավական պաշտպանությանը։ Սակայն կարող է շատ երկար տևել, ինչպես նաև անորոշ է, թե պաշտպանությունն ինչպես կլինի։ Ադրբեջանն ու Հայաստանն առաջին հերթին պետք է հանձնառություն ստանձնեին, թե ինչպես է հարցը կարգավորվելու, սակայն պայմանագրում ընդամենը երկու բառ է նշված՝ «այլ կերպ» կլուծեն։ Շատ անորոշ բառ է։ Մի՞թե միջազգային պայմանագրում կարելի է այդ աստիճան անորոշ տերմին մտցնել։ Հասկանալի է, որ սա Ադրբեջանի դիրքորոշումն է՝ որքան հնարավոր է նեղացնել իրավական պաշտպանության որևէ կառուցակարգի գոյությունը պայմանագրում։ Ամենաշատը այդ երկու բառից բխում է, որ պետությունները պայմանավորվում են ինչ–որ համակարգեր ստեղծել, բայց դրանց ուրվագծերը չեն նշվում»,–ասել է Ղազարյանը։

Նրա խոսքով՝ այլ միջազգային խաղաղության պայմանագրերում սովորաբար կցվում են հավելվածներ, որտեղ մանրամասն նկարագրվում են վերադարձի, ռեպարացիայի և հատուցման մեխանիզմները, մինչդեռ Հայաստանի և Ադրբեջանի փաստաթղթում դրանք բացակայում են։

«Մնում է միայն ապավինել Հայաստանի իրավական պաշտպանության միջոցներին, որոնք գոյություն չունեն։ Պայմանագրում այդ մեխանիզմները չկան, հետևաբար ստեղծվում է անորոշ և հակասահմանադրական իրավիճակ։ Մեծ թվով քաղաքացիներ որոշ ժամանակ հետո այլևս չեն կարողանալու դիմել միջազգային ատյաններ։ Հայաստանի դատական ատյաններին չեն կարող դիմել, որովհետև պայմանագիրը չի նախատեսում որևէ իրավական պաշտպանության մեխանիզմ, և այդ մարդիկ մնում են առանց իրական պաշտպանության։ Սա նորմա՞լ է։ Իհարկե նորմալ չէ։ Սա հակասահմանադրական է։ Տեսնենք, թե առաջիկայում որևէ մեխանիզմ (եթե պայմանագիրը վավերացվի) կստեղծվի, թե ոչ»,–շարունակել է նա։

Փորձագետը հիշեցրել է, որ միջազգային դատարանները գործում են իրենց կանոններով և չի բացառել, որ, օրինակ, խաղաղության փաստաթղթի առկայության պատճառով միջազգային ատյանը կարող է խորհուրդ տալ չուղարկել գանգատներ պատերազմական և հետպատերազմական հարցերով։

«Միակ հակակշիռը մնում են անհատական գանգատները, որոնք 2021 թ․-ից ներկայացվել են, բայց ոչ մեծ թվով, քանի որ մեծ ռեսուրս է պահանջում։ Այս պայմանագիրը կարող է որոշ փոփոխություններ մտցնել ժամկետներում, որը կարող է ազդել դիմումների քանակի վրա։ Ի վերջո միջազգային տրիբունալները կարող են ասել՝ այլևս մի ուղարկեք գանգատներ, դուք այնտեղ արդեն պայմանագիր եք ստորագրել։ Բայց հաշվի առնելով, որ պայմանագրում իրավական պաշտպանության մեխանիզմներ չկան, չեմ կարծում, որ միջազգային դատական ատյաններն այլևս գանգատներ չվերցնեն, քանի որ հասկանում են, որ այդ մարդիկ մնում են առանց իրավական պաշտպանության»,–մանրամասնել է Ղազարյանը։

Անդրադառնալով Բաքվում պահվող գերիներին՝ նա նշել է, որ մնում է միայն հույս ունենալ, որ պայմանագիրը չի վնասի նրանց վիճակին։ Նշվել է, որ նրանք կտրված են արտաքին աշխարհից, ինչը բարձր ռիսկ է, և պաշտպանությունը իրականացվում է առանց փաստաբանների։

Դիտարկմանը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կխնդրի ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին, Ղազարյանը պատասխանել է, որ դա զուտ քաղաքական հայտարարություն է։

«Այն, որ որևէ երկրի առաջնորդ խոստացել է, որ կզրուցի, դա իրավական գործընթաց չէ, այլ կապված է քաղաքական առաջնորդների կամքից։ Սակայն քաղաքական գործիչներին վստահելը չափազանց միամիտ քայլ է։ Իհարկե, որոշ դեպքերում արդյունք լինում է` ինչպես Ռուսաստանի միջամտությամբ մի քանի անգամ եղավ գերիների վերադարձ։ Այս դեպքում էլ կարող է լինել, բայց վստահ եմ, որ որոշ թվով անձանց Ադրբեջանը կպահի և կստանա վերջնական դատական ակտ։ Ադրբեջանը ձգտում է արդյունքի, որով կարող է աշխարհին ցույց տալ, թե Հայաստանը պլանավորել է տապալել Ադրբեջանի սուվերեն անկախությունը «Ադրբեջանի որոշակի տարածքում»։ Հետևաբար, Հայաստանը օկուպացիայի է ենթարկել Ադրբեջանը։ Այս փաստարկն առաջ տանելու համար Ադրբեջանը դեռ ապացույց չունի, հիմա միակ ապացույցը, որ նա կարող է ունենալ, ոչ թե ռազմի դաշտից է, որտեղ հայերը ինքնապաշտպանվել են, այլ դատական որոշմամբ պետք է ստանա, որ ՀՀ-ն հարձակվել է Ադրբեջանի վրա»,–շարունակել է Ղազարյանը։

Փաստաբանը հավելել է, որ դատավարությունների ընթացքում գերիներին տրվող հարցերում հաճախ նշվում է՝ «Հայաստանը որոշեց», «Հայաստանը հրամայեց»։ Այս համատեքստում նա չի բացառել, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը, անկախ կնքված պայմանագրերից, կարող է մնալ Բաքվի բանտերում՝ որպես ապացույց, թե «Հայաստանը 30 տարի օկուպացրել է Ադրբեջանի տարածքը և չի եղել անկախության համար պատերազմ»։

Մասնագետը պարզաբանել է, որ Ադրբեջանի նպատակն է գերիների դատական գործերով նվազեցնել Արցախի անկախության հարցի վավերականությունը, քանի որ ինքնորոշման համար մղված պատերազմը ագրեսիա չի համարվում։ Իսկ պայմանագրում նշված տարածքային ամբողջականության դրույթները, ըստ նրա, էական առավելություն Բաքվին չեն տալիս, քանի որ ՄԱԿ-ի անդամ դառնալով՝ պետությունը ինքնաբերաբար ճանաչում է մյուս անդամ պետությունների տարածքային ամբողջականությունը։

«Տարածքային ամբողջականության մասին դրույթներով Ադրբեջանը որևէ բան չի շահում, հակառակը՝ արդեն պատասխանողի դերում է հայտնվում՝ Հայաստանից օկուպացված տարածքներից զորքերը հետ քաշելու առումով։ Հակառակ դեպքում միակ ելքն Ադրբեջանի համար մնում է այն, որ վիճելի հարց ստեղծի, որպեսզի այդ տարածքները դելիմիտացիայի արդյունքում կարողանան ճանաչվել իր սուվերեն տարածքի մաս»,–նշել է միջազգային իրավունքի մասնագետը։

Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատավարությունը, որտեղ մեղադրյալներ են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք։

Նախկին պետնախարար ու բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։