AM
13 Օգոստոս 2025 - 07:15 AMT

Տեր-Պետրոսյան․ Տարակուսելի են Իրանի պաշտոնյաների տարաբնույթ գնահատականները և ՌԴ գրեթե բացարձակ լռությունը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Մեղրիի վերաբերյալ ամերիկյան միջնորդությամբ կնքված հայ-ադրբեջանական հռչակագիրը, ասել է, որ առայժմ զերծ կմնա պատասխանելուց, քանի որ «դրան հնարավոր է անդրադառնալ միայն համաձայնագրի գործադրումից հետո», տեղեկացնում է «Իլուր»-ը։

Նա նաև նշել է, որ որոշ տարակուսանք են առաջացնում բարեկամական Իրանի պաշտոնյաների տարաբնույթ գնահատականները և, մանավանդ, Ռուսաստանի գրեթե բացարձակ լռությունը։

«Իշխանությունները, բնականաբար, դա ցնծությամբ համարում են իրենց մեծագույն հաջողություններից մեկը։ Իսկ խորհրդարանական ընդդիմությունը, նույնքան բնականաբար, համաձայնագրում ոչ միայն որեւէ դրական բան չի տեսնում, այլեւ, ընդհակառակը, գուժում է նրա կիրառման կործանարար հետեւանքները։ Ինչ վերաբերում է ինձ ուղղած ձեր հարցին, ապա ես առայժմ զերծ կմնամ պատասխանելուց, քանի որ համոզված եմ` դրան հնարավոր է անդրադառնալ միայն համաձայնագրի գործադրումից հետո։

Ինձ մոտ առայժմ որոշ տարակուսանք են առաջացնում բարեկամական Իրանի պաշտոնյաների տարաբնույթ (թեեւ, գուցե, միմյանց լրացնող) գնահատականները եւ, մանավանդ, Ռուսաստանի գրեթե բացարձակ լռությունը։ Իրանական դիվանագիտությունն այնքան նուրբ է, որ երբեմն դժվար է անմիջապես այն ընկալել։

Իմ փորձից, սակայն, կարող եմ հավաստել, որ մեր երկրի անկախության վերականգնումից ի վեր Իրանը Հայաստանի նկատմամբ ոչ միայն որեւէ դժգոհություն կամ կշտամբանք չի արտահայտել, այլեւ դրականորեն է արձագանքել մեր բոլոր կարիքներին։ Մի խոսքով, Հայաստանի եւ Իրանի ավելի քան 30-ամյա հարաբերություններում ես որեւէ թյուրըմբռնում չեմ տեսել»,–ասել է Տեր–Պետրոսյանը։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։