AM
13 Օգոստոս 2025 - 07:46 AMT

Երևանում օդի աղտոտվածության մակարդակը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշները

Երևանում օդի աղտոտվածության մակարդակը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշները:

Օգոստոսի 8-10-ը (Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի ժամանակ) Երևանում օդի աղտոտվածությունը զգալիորեն գերազանցել է 2024 թվականի նույն օրերի ցուցանիշները։ Այս մասին են վկայում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալները, որոնք ստացվել են Կենտրոն, Արաբկիր, Նոր Նորք և Շենգավիթ շրջաններում տեղակայված անշարժ կետերից օդի վերլուծության հիման վրա։

Օգոստոսի 7-10-ը դիտվել է փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի (ՍԹԿ) գերազանցում մինչև 2․1 անգամ Կենտրոնում, մինչև 1․9 անգամ՝ Արաբկիրում, մինչև 1․5 անգամ՝ Նոր Նորքում և մինչև 1,4 անգամ՝ Շենգավիթում, հայտնում է Sputnik Արմենիան։

2024 թվականի օգոստոսի 8-9-ին փոշու սահմանային նորմաների գերազանցման դեպքեր գրեթե չեն արձանագրվել՝ բացառությամբ Կենտրոնի՝ ուր գրանցվել են աննշան խախտումներ։ Օգոստոսի 10-ին Նոր Նորքում գրանցվել է 1.3 անգամ գերազանցում, իսկ Կենտրոնում և Շենգավիթում՝ ավելի քան երկու անգամ։

Ազոտի երկօքսիդի պարունակության առումով՝ այս տարվա օգոստոսի առաջին տասնօրյակում Կենտրոնում արձանագրվել է մինչև 2.1 անգամ գերազանցում, Նոր Նորքում՝ մինչև 1.3 անգամ, Արաբկիրում՝ գրեթե աննշան (մինչև 1.02 անգամ), իսկ Շենգավիթում խախտումներ չեն նկատվել։

Նուբարաշենի աղբավայրի տարածքում տեղակայված տվիչների արդյունքները ցույց են տվել, որ օգոստոսի 3-10-ը ազոտի երկօքսիդի մակարդակը նորման չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի որոշակի գերազանցում արձանագրվել է միայն մեկ հատվածում՝ 1.2 անգամ։ Սակայն Շենգավիթում այն կազմել է մինչև 2.1 անգամ, Ավանում՝ մինչև 1.4 անգամ, Նոր Նորքում՝ մինչև 1.2 անգամ։

Նույն ժամանակահատվածում՝ 2024 թվականի օգոստոսին, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակության նորմայի գերազանցումներ չեն արձանագրվել։