Իջևանի կարի արտադրամասում աշխատող հնդկաստանցի աշխատակիցների վերաբերյալ վարույթ է նախաձեռնվել, հայտնում է Radar Armenia-ն։
Դատախազությունից հայտնել են, որ վարութը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպառնալիքը զենքով), 195-րդ հոդվածի 1-ին և 335 -րդ հոդվածի 1-ին մասով:
Օրեր շարունակ Իջևանում «Իջ գրանդ տեքստիլ օպտ» ռուսական ընկերության հնդկաստանցի աշխատակիցները գործադուլ էին անում՝ հայտարարելով, թե տնօրինությունն իրենց հասանելիք երեք ամսվա աշխատավարձը չի վճարել: Ավելին՝ բարձրաձայնում էին անմարդկային վերաբերմունքի մասին, թե տնօրենն իրենց սպառնում է զենքով:
ՀՀ–ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան այցելել էր Իջևան՝ աշխատավարձի բարձրացում պահանջող, գործադուլ անող հնդիկ բանվորների խնդրի կապակցությամբ։
Օգոստոսի 7–ին լուր տարածվեց, որ մի քանի տասնյակ հնդիկներ օգոստոսի 6–ի երեկոյան փակել են Իջևան-Երևան միջպետական ճանապարհը` պահանջելով, որ գործատուն վճարի իրենց աշխատավարձը։ Ավելի ուշ ընկերության տնօրենն ասել է, որ հնդիկները ոչ թե աշխատավարձ չեն ստացել, այլ աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում, մինչդեռ նրանց հետ կա կնքած 3 տարվա աշխատանքային պայմանագիր, իսկ բարձրացված պահանջները հնարավոր չէ բավարարել։






