AM
13 Օգոստոս 2025 - 09:18 AMT

Ավագ դասարաններում մի շարք առարկաներ հին դասագրքերով կդասավանդվեն

ՀՀ–ում սեպտեմբերի 1–ից ավագ դասարաններում մի շարք առարկաներ հին դասագրքերով կդասավանդվեն։ Այդ մասին այսօր ուղիղ եթերում տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։

«Բոլոր այն դասարաններում, որտեղ չափորոշիչը (կրթության նոր չափորոշիչ-խմբ.) ներդրվելու է և այն դասարաններում, որտեղ արդեն իսկ ներդրվել է, սակայն դասագրքեր չէին հրապարակվել, հիմնականում բոլոր մրցույթները կայացել են, դասագրքերը տպագրվել են։ Մի մասն արդեն առաքվել և բաշխման փուլում է, իսկ մյուս մասը մինչև օգոստոսի 25–ը կառաքվի ու կբաշխվի»,– վստահեցրել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Հին դասագրքերով դասավանդվող առարկաներն են՝ «Հայոց պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն»՝ 10-րդ և 11-րդ դասարաններ, «Հանրահաշիվ»՝ 11-րդ դասարան, «Ռուսերեն», «Բնագիտություն»՝ 11-րդ դասարան, «Ռուսերեն»՝ 10-րդ դասարան, ՆԶՊ՝ 9-րդ և 11-րդ դասարաններ, «Ֆրանսերեն»՝ 5-11-րդ դասարաններ։

«Բոլոր նշված առարկաները նշված դասարաններում դասավանդվելու են հին դասագրքերով, և դպրոցներն այս մասին շրջաբերականներ ստացել են, սակայն կստանան նաև ուղեցույցներ, որպեսզի հին դասագրքերի բովանդակությունը ադապտացնեն նոր չափորոշիչին»,– ընդգծել է փոխնախարարը։

«Չորրորդ դասարանում գիտելիքների ստուգումն իրականացվում է արտաքին գնահատման միջոցով։ Մայիս ամսին անցկացվում է միասնական թեստ, որը ներառում է երեք առարկա՝ «Մայրենի», «Մաթեմատիկա» և «Ես և շրջակա աշխարհը»,-ասաց Սվաջյանը։

Փոփոխություններ են կատարվել նաև 9-րդ դասարանի քննությունների ձևաչափում։ Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաներից աշակերտները հնարավորություն ունեն ընտրելու՝ անցկացնել թեստային քննություն, թե ներկայացնել նախագծային աշխատանք։

9-րդ դասարանում նոր ձևաչափ է ներդրվել նաև «Պատմություն» և «Գրականություն» առարկաների քննությունների համար։ Աշակերտները գրում են էսսե, որտեղ փորձում են կապել պատմական իրադարձությունները և գրական ստեղծագործություններում արտացոլված իրավիճակները՝ դրսևորելով վերլուծական, քննադատական և ստեղծագործական մտածողություն։

Փոխնախարարը հավելել է նաև, որ միայն Տավուշի մարզում է, որտեղ 12-րդ դասարանի ավարտական քննությունները իրականացվելու են կրթության նոր չափորոշիչի համաձայն։