Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ համացանցում որպես գերիների ցուցակ տարածված ցուցակն ամերիկացի ավետարանական հովիվ Ջոել Թենիի բաց նամակից է վերցված և պայթյունի հետևանքով անհետ կորածների ցուցակն է։
Նա նշել է, որ յուրաքանչյուր գերի պետք է վերադարձվի, անհետ կորածի ճակատագիր՝ պարզվի:
«Այս ցուցակը բենզինի պահեստի պայթյունի հետևանքով անհայտ կորած անձանց ցուցակն է, որը Թենիին են փոխանցել նրանց հարազատները: Անհայտ կորած մեր այս հայրենակիցների ճակատագրի վերաբերյալ տարբեր հարազատներ ունեն ապացույցներ, ըստ որոնց՝ ոմանք կարող են գերության մեջ լինել Ադրբեջանում: եվ այդ ապացույցները նրանք ներկայացրել են ՀՀ պետական լիազոր մարմիններին:
Ուստի, կարևոր է, որ պետական մարմինները պատշաճ կերպով զբաղվեն նաև այս անհայտ կորածների ճակատագրերի պարզմամբ՝ հիմք ընդունելով նաև եղած ապացույցները: Յուրաքանչյուր գերի պետք է վերադարձվի, իսկ անհայտ կորածի ճակատագիր՝ պարզվի:
Միևնույն ժամանակ կարևոր է հստակեցնել, որ գերիների հաստատված ցանկն այլ է, որը ես երեկ հրապարակեցի՝ շփոթից խուսափելու համար: Բայց դա չի նշանակում, որ իրականում ավելի շատ գերի չի կարող լինել Ադրբեջանում, և շուրջ 80 նման հայի վերաբերյալ բազմաթիվ ապացույցներ կան, սակայն Ադրբեջանը չի հաստատում նրանց գերեվարումը»։
Մեկ այլ գրառմամբ Բեգլարյանը հրապարակել էր 23 հայերի անուններն ու կարգավիճակները, որոնց գերեվարության (ազատազրկման) հանգամանքը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանը: Նա նշել էր, որ հենց այս ցուցակն էլ քննարկվում է պատանդներին ազատելուն ուղղված աշխատանքներում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հայտարարել է, որ աջակցություն կցուցաբերի ադրբեջանական բանտերում պահվող 23 հայ գերիների ազատ արձակման հարցում:Այդ մասին Թրամփն ասել է Սպիտակ տանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը:






