AM
13 Օգոստոս 2025 - 11:11 AMT

Սահակյան․ Գերիների վերադարձի քաղաքական կամ իրավական հանձնառություն չկա

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, մեկնաբանելով ԱՄՆ–ում կայացած բանակցությունների ընթացքում հայ գերիների ազատ արձակման հարցը քննարկելու մասին տեղեկությունները, ասել է, որ հրապարակային այնպիսի հայտարարություն չի եղել, որը վերահաստատեր օրակարգում գերիների վերադարձի խնդրի քննարկումը, ավելին` ստորագրված փաստաթղթում էլ չկա որևէ դրույթ, որը վերաբերում է գերիների վերադարձին, հայտնում է Sputnik Արմենիան։

ԱՄՆ նախագահ Թրամփը Սպիտակ տանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ կխնդրի Ալիևին ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին։

Նա նշել է, որ գերիների վերադարձի քաղաքական կամ իրավական հանձնառություն չկա:

«Փաստաթուղթն անդրադարձ ունի մի շարք հարցերի, որոնցից մեկը կրում է մարդասիրական բնույթ` անհետ կորածների, բռնի անհետացածների ճակատագրի պարզումն է։ Փաստաթուղթը նաև նշում ունի ընթացող դատավարություններից, դատական գործընթացներից հրաժարվելու կողմերի մտադրության, ատելության խոսքի, խտրական դրսևորումներին մասին, բայց որևէ նորմ բացահայտ կամ անուղղակի չի առնչվում գերիների ազատ արձակման խնդրին։ Այսինքն՝ կողմերը քաղաքական կամ իրավական հանձնառություններ չեն ստանձնել գերիների վերադարձի առնչությամբ»,– ասել է Սահակյանը։

Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ թեման քննարկվել է փակ դռների հետևում։ Իրավապաշտպանի կարծիքով` Թրամփի հայտարարությունները կարող են վկայել, որ գերիների ազատ արձակման հարցը դիտարկվում է որպես հնարավոր զիջում խաղաղության փաստաթղթի ստորագրման համատեքստում։ Նա նկատել է, որ ի սկզբանե պարզ էր, որ գերիները դարձել են պատանդներ և նրանց նպատակային պահում են ՀՀ իշխանությունների վրա հավելյալ ճնշում գործադրելու համար, որ խաղաղության շուրջ Ադրբեջանին ընդունելի պայմաններով փաստաթուղթ ստորագրվի։

«Փաստաթղթի ստորագրման առումով առաջընթաց կա, ուստի դրական տեղաշարժեր են նկատվում նաև ազատ արձակման գործընթացում։ Թրամփն իր անձնական ներգրավվածությունն է ցուցաբերում, առնվազն նման պատրաստակամություն է հայտնում։ Հաշվի առնելով նրա հեղինակությունն ու դիրքը տարածքաշրջանի վրա` իրատեսական ենք համարում անձնական ներգրավվածության պարագայում այս անձանց ազատ արձակումը։ Իհարկե, հանրությանը ներկայացվելու է որպես Ալիևի մարդասիրական ժեստ` ի նշան Թրամփի հետ բարեկամական հարաբերությունների։ Պատահական չէ, որ Թրամփն ընդգծում է նրանց քրիստոնյա լինելը, քանի որ նա յուրօրինակ հանձնառություն ունի աշխարհի տարբեր վայրերում, ապօրինաբար պահվող քրիստոնյաների ազատ արձակման հարցում»,– մանրամասնել է Սահակյանը։

Ինչ վերաբերում է հնչեցրած 23 թվին, Սիրանուշ Սահակյանը նշել է, որ հանրային դաշտում շրջանառվում էին տարբեր անուններ և վարկածներ՝ կապված 23 անձանց թվի հետ, բայց ընդգծել է, որ խոսքը պաշտոնապես հաստատված Բաքվում ապօրինաբար պահվող 23 հայերի մասին է։

«Այս 23 անձանց թվում են ինչպես Արցախի նախկին և ներկա ղեկավարության 8 անդամները, այնպես էլ քաղաքացիական անձինք և ռազմագերիներ, որոնք գերեվարվել են 2020-ի պատերազմի ընթացքում կամ դրանից հետո։ Մասնավորապես` 8–ը գերեվարվել են 2023-ի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ», – ավելացրել է Սահակյանը։

Փաստաբանի խոսքով` գոյություն ունի նաև անհետ կորածների ցուցակ, որը թվով շատ ավելի մեծ է, սակայն այդ ցուցակում նույնպես կա 23 անձ, որոնք անհետացել են 2023-ի սեպտեմբերյան հարձակման և հետագա պայթյունի հետևանքով։

«Այս թվերի համընկնումն արհեստականորեն խառնեց երկու տարբեր ցուցակները, ինչն էլ թյուր կարծիք ստեղծեց, թե Թրամփի ասած 23 անձանց և հաստատված գերիների ցուցակը նույնը չեն»,– եզրափակել է Սիրանուշ Սահակյանը։

Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»։ Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։