Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը հայտարարել է, որ «Խաղաղության» համաձայնագիր կոչվածը, ցավոք, ոչ միայն ինքնախաբեության դասական նմուշ է, այլև հղի անկանխատեսելի զարգացումներով։
«Խաղաղության» փաստաթղթում, ըստ Դանիելյանի, որպես Ադրբեջանի միակ պարտավորություն ձևակերպվել է այն, որ Հայաստանի նկատմամբ այսուհետև զերծ կմնա զինված ուժի կիրառումից, հայտնում է «Փաստինֆոն»։
«Տպավորությունն այն է, որ մինչ այս վերջինս լիարժեք լեգիտիմ հնարավորություն ուներ։ Այս անմիտ դրույթի շուրջ մեծ հրճվանքի ակունքները նաև հայրենական քարոզչության տիրույթում են, քանզի բացարձակ անհիմն շրջանառության մեջ էր դրվել «չպետք է Ադրբեջանին լեգիտիմ պատերազմ սանձազերծելու հնարավորություն տալ» թեզը։ Այդպես էլ հնարավոր չեղավ համարժեք հակադարձել, որ պատերազմն ինքնին լեգիտիմ չէ, այն միջազգային իրավունքի սկզբունքներին հակասող միջազգային հանցագործություն է, բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ եղանակներով»,–ասել է նա։
Նրա խոսքով՝ այս փաստաթղթի շրջանակում նույնիսկ «խաղաղության պայմանագիր» եզրույթն է լիովին անհամապատասխան իրականությանը, և այն կարող է գործել միայն ներքաղաքական պրոպագանդայի մակարդակում։ Նա շեշտել է, որ Ադրբեջանը փաստացի այս պայմանագրով է միայն հանձն առել կատարել ՄԱԿ-ի կանոնադրության պահանջները՝ այն դեպքում, երբ արդեն բազմիցս անտեսել է ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները, այնպես էլ միջազգային դատարանների վճիռները՝ մասնավորապես Արցախի ապաշրջափակման հարցում։
«Ստացվում է, որ Ադրբեջանը, լինելով ՄԱԿ-ի անդամ, միայն սույն համաձայնագրով է վերջապես պարտավորվել կատարել ՄԱԿ֊ի կանոնադրության պահանջները, իսկ թե ինչ արժեք ունի այս երկրի համար «պարտավորություն» անլուրջ կատեգորիան, բավական է միայն մտաբերել, որ թքած ուներ ընդհուպ ՄԱԿ֊ի Անվտանգության խորհրդի որոշումների և միջազգային դատական ատյանների վճիռների վրա, այդ թվում՝ Արցախն ապաշրջափակելու առնչությամբ»։
Դանիելյանն ընդգծել է, որ այս իրավիճակի ակունքները սկիզբ են առել դեռևս 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։ Նրա խոսքով՝ պատերազմից ընդամենը 20 օր անց Ադրբեջանը հայտարարություն է տարածել այն մասին, որ, իբր, հատուկ հանձնաժողովի միջոցով հաշվարկել է մոտ 100 միլիարդ դոլարի վնաս և պատրաստվում է դիմել միջազգային դատարաններ։ Հետագայում այդ թիվն ավելացվել է, ինչը, ըստ Դանիելյանի, հետագայում հիմք է ծառայել հավասարակշռված հիմքով միջազգային ատյաններից հրաժարվելու համար։
«Դեռ առիթ կլինի առավել հանգամանորեն անդրադառնալ այս փաստաթղթին, դրանով անտեսված առաջնահերթ հարցերին, սակայն մտահոգողն այն է, որ դրանով գոնե թղթի վրա արձանագրվում է մեծագույն կորուստների գնով ռազմական բախումների բացառում, բայց հիմքեր են ստեղծվում այլ երկրների հետ նույնաբնույթ բախումների, առնվազն հարաբերությունների անհեռանկար վատթարացման համար։
Պատահական չէ, որ ԱՄՆ-ում խորհուրդ էին տվել իրենց նախագահին ստորագրել միայն վերացական եռակողմ հռչակագիրը, որը գոնե այսչափ խոցելի չէր, թեպետ՝ դա էլ մի այլ կարգի «գլուխգործոց» է …»,-ասել է նա։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






