Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու գործով տուժող կողմը 10 մլն դրամ փոխհատուցում է պահանջում, հայտնում է «Փաստինֆոն»։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հուլիսի 30-ին ընդունել է մեղադրական դատավճիռ՝ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի Սոնա Մնացականյանին մահվան հասցրած վրաերթի գործով՝ Արամ Նավասարդյանին ճանաչելով մեղավոր։
Այսօրվա դատական նիստում քննարկվել է Արամ Նավասարդյանի ենթադրվող պատժի հարցը։ Տուժող կողմը՝ Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը, միջնորդել է լուծել նաև փոխհատուցման պահանջը՝ 10 մլն դրամի չափով՝ ուղղված դստեր հուղարկավորության և գերեզմանի հետ կապված ծախսերին։
Նա հայտարարել է դատարանում, որ Արամ Նավասարդյանը որևէ քայլ չի ձեռնարկել իր դստերը փրկելու համար։
«Չեն օգնել, արագությունն էլ գերազանցել են։ Դեպքից հետո լքել են ՃՏՊ վայրը»,- նշել է նա։
Դատական գործընթացը կշարունակվի օգոստոսի 18-ին։
Դատական նիստից հետո Արամ Նավասարդյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին՝ միայն նշելով, որ մեկնաբանություն չունի և հավելելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
Իսկ տուժողի հայրը՝ Մնացական Մնացականյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը եղել է ուղևոր, արձագանքել է, որ հարցը անձի շուրջ չէ, այլ պետական կառավարման համակարգում առկա անփութության մասին է։ Նրա խոսքով, եթե նախապես ապահովվեր շարասյան երթուղու անվտանգությունը, ապա այս միջադեպը հնարավոր չէր լինի։
«Ամեն հարցում այդքան անփույթ լինել կարելի՞ է, ինչ է նշանակում ձայնագրությունները կորել են, չկան»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ ապացուցված է արագության գերազանցումը Արամ Նավասարդյանի կողմից, իսկ անհրաժեշտ միջոցների ձեռնարկման դեպքում ողբերգությունը կարելի էր կանխել։
Նա նշել է, որ վարորդը միանշանակ մեղավոր է, սակայն՝ ոչ միակ մեղավորը։
2022 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմանում, Նիկոլ Փաշինյանի կառավարական շարասյան ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 28-ամյա հղի Սոնա Մնացականյանին՝ Լեո, Պարոնյան և Պռոշյան փողոցների խաչմերուկում։ Վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, սակայն գիտակցության չգալով՝ մահացել է։ Պտղի կյանքը ևս չի հաջողվել փրկել։






