AM
13 Օգոստոս 2025 - 12:18 AMT

Մարուքյան․ Թրամփը ստորագրել է փաստաթուղթը որպես գործընթացի վկա, ոչ թե կողմ, ոչ թե երաշխավոր

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքել է Վաշինգտոնում վերջերս ստորագրված հռչակագրին՝ պնդելով, որ այն ներկայացվում է որպես եռակողմ համաձայնություն, մինչդեռ իրականում վերաբերում է միայն Հայաստանին և Ադրբեջանին։

Ըստ նրա՝ «մեզ հերթական անգամ խաբում են»՝ Թրամփը ստորագրել է որպես գործընթացի վկա, ոչ թե կողմ, ոչ թե երաշխավոր, այլ՝ վկա։

«Մեր իշխանությունները և նրանց սպասարկող քաղաքական և հասարակական գործիչները Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը ներկայացնում են որպես եռակողմ փաստաթուղթ, որը ենթադրում է եռակողմ պարտավորություններ։

Բնականաբար, մեզ հերթական անգամ խաբում են։

Իրականում Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը երկկողմ է և ստորագրվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է որպես գործընթացի վկա, ոչ թե կողմ, ոչ թե երաշխավոր, այլ՝ վկա։

Ասածս ապացուցելու համար ներկայացնում եմ փաստաթղթի պաշտոնական անգլերեն տարբերակում ԱՄՆ նախագահի անվան կողքին նշված «Witnessed by:» (թարգմ.՝ «Վկայի կողմից») ձևակերպումը։ Հայալեզու տարբերակում ՀՀ կառավարության նույն էջում այդ նշումը հասկանալի պատճառներով բացակայում է…։

Նախ, եկեք մեր ժողովրդին չխաբենք, ասենք այն, ինչ կա իրականում, ինչպես նաև համոզված եմ, որ եթե բանակցող ունենայինք, մենք ԱՄՆ-ի հետ երկկողմ կկնքեինք և Ադրբեջանին չէինք դարձնի միջանցքի փայատեր։

ԱՄՆ-ի հետ կլինի երկկողմ հռչակագիր, բայց միայն իշխանափոխությունից հետո»,–գրել է նա։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։