Երևանի կենտրոնում 3 օր գարեջրի տոն է լինելու։ Օգոստոսի 22-24-ին Զաքյան փողոցում արդեն 4-րդ անգամ անցկացվելու է «Գարեջրի օրեր» փառատոնը։
«էվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը նշել է, որ փառատոնի նպատակն է վեր հանել և ներկայացնել Հայաստանի գարեջրագործական ավանդույթները, զարգացնել իրադարձային զբոսաշրջությունը, առաջխաղացման նպաստավոր հարթակ ստեղծել գարեջուր արտադրող ընկերությունների համար և իհարկե, համախմբել գարեջրի սիրահարներին մեկ վայրում, հայտնում է Արմենպրեսը։
«Մենք տարիներ շարունակ անցկացնում ենք ինչպես Արենի գինու փառատոնն, այնպես էլ «Երևանի գինու օրերը», որոնք մեծ հաջողություն են գրանցել։ Դարձել են և՛ կայացած զբոսաշրջային պրոդուկտ, և՛ համախմբել են գինու սիրահարներին։ Ահա հիմա այդ նույն մոտեցումը փորձում ենք կյանքի կոչել գարեջրի պարագայում։ Գարեջրի սիրահարները բավական շատ են և մենք փորձում են ինչպես ներգրավել զբոսաշրջիկների, այնպես էլ ցույց տալ գարեջրագործության մեր ավանդույթները»,-ասել է Նունեն Մանուկյանը։
Առաջին տարվա 14 մասնակցի փոխարեն՝ այս անգամ ներկա են լինելու ավելի քան 25 գարեջրագործներ։ Նրանց շարքում ընդգրկված են ներկայացուցիչներ Սյունիքից, Գեղարքունիքից, Կոտայքից և այլ մարզերից։ Ընկերությունների մեծ մասն արտադրում է տեղական գարեջուր, ներմուծմամբ զբաղվում են միայն երկուսը։
Ըստ «էվենտՏուրա» ընկերության փոխտնօրեն Լիլիթ Ծառուկյանի՝ միջոցառման ծրագիրը բազմաբովանդակ է։
«Միջոցառման տարածքը բաժանված է լինելու մի քանի գոտիների՝ գարեջրի, սննդի, երաժշտության, խաղային, մրցութային։ Այցելուները կարող են վայելել գարեջրի ամենատարբեր տեսակներ, համտեսել գարեջրի և սննդի հետաքրքիր համադրություններ՝ հայկական և միջազգային խոհանոցներից։ Ինչ վերաբերում է խաղային հատվածներին, ապա ասեմ, որ բավական հետաքրքիր է լինելու, ունենալու ենք մրցույթներ, հիշարժան ու արժեքավոր նվերներ»,-ասել է նա։
Փառատոնն անցկացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, որը, ըստ Լիլիթ Ծառուկյանի, այս տարի փառատոնների կազմակերպման նպատակով պայմանագրեր է կնքել ութ կազմակերպության հետ։
Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանն իր խոսքում նշել է, որ իրադարձային տուրիզմը դարձել է Հայաստանի զբոսաշրջային ոլորտի կարևոր ուղղություններից մեկը։
«Իրադարձային տուրիզմը վերջին տարինեին շատ-շատ է զարգացել Հայաստանում։ Հատկապես առանձնանում են փառատոները, որոնք անցկացվում են բոլոր մարզերում, բազմաթիվ համայնքներում։ Բազմազանությունն այնպիսին է, որ ցանկացած նախասիրության անձ կարող է ընտրել, թե որին է ուզում մասնակցել։ Ակնհայտ է, որ այս փառատոնները բերում են ակտիվություն ինչպես տնտեսական, այնպես էլ համայնքներում կյանքն աշխուժացնելու ու զբոսաշրջիկներ ներգրավելու առումով»,-ասել է նա։
Նա նաև ներկայացրել է 2025 թվականի հուլիսին ստացված զբոսաշրջային ցուցանիշները՝ նշելով, որ Հայաստան է այցելել 263,592 զբոսաշրջիկ, ինչը 10.9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա տվյալները։ Այցելուները հիմնականում եղել են Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, ինչպես նաև մի շարք եվրոպական և ասիական երկրներից։






