Հայաստանի ապահովագրողների միությունը հայտարարել է, որ է, որ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) մոդելը պետական սոցիալական ապահովություն է, որի փոքր ծավալով օրինակը ներկայումս գործող պետական պատվերի մեխանիզմն է և չի կարող համարվել ապահովագրական գործունեություն։
Նշվում է, որ այն սկզբունքորեն տարբեր է ապահովագրական գործունեությունից ու հիմնված չէ ապահովագրական գործունեության սկզբունքների, ինչպես նաև ապահովագրական գործունեությունը կարգավորող իրավական և վերահսկողության առկա մեխանիզմների վրա, ուստի ապահովագրություն համարվել չի կարող։
«1. ՀՀ-ում ապահովագրական գործունեությունը ենթակա է լիցենզավորման ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից, սակայն նախարարության առաջարկած մոդելի դեպքում ԱՀԱ համակարգի ներքո ծառայությունների մատուցումն իրականացնելու է Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամը, որը չի լիցենզավորվելու ՀՀ ԿԲ կողմից և ենթակա չի լինելու վերջինիս կարգավորմանը և վերահսկողությանը;
2․ ապահովագրական գործունեությունը ենթադրում է ընկերության կողմից ռիսկի ստանձնում սեփական կապիտալի հաշվին։ Ներկայումս ՀՀ-ում ապահովագրական ծառայություններ մատուցում են ԿԲ կողմից լիցենզավորված 7 մասնավոր և 1 պետական ապահովագրական ընկերություններ։ Գործող 7 մասնավոր ապահովագրական ընկերությունները միասին տնօրինում են 30 մլրդ ՀՀ դրամի չափով կապիտալից և սեփական ու հավաքագրված միջոցներից ձևավորված տեխնիկական պահուստներ, որով պատասխանատվություն են կրում իրենց ստանձնած պարտավորությունների համար;
3․ ապահովագրական ընկերությունների գործունեությունը կարգավորվում և վերահսկվում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 54-րդ գլխի դրույթներով, հարակից օրենքներով, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից սահմանված խիստ իրավական և նորմատիվային կանոնակարգմամբ, իսկ նրանց գործունեության անընդհատությունը երաշխավորված է Կենտրոնական բանկի կողմից սահմանված սահմանաչափերին համապատասխան կապիտալի առկայությամբ և ենթակա է վերահսկողության ամենամսյա կտրվածքով;
4․ վերջին ամիսներին առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման վերաբերյալ Հայաստանի ապահովագրողների միության մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումների արդյունքում ԱՆ կողմից ապահովագրական ընկերություններին առաջարկ է ներկայացվել հասարակությանը մատուցել ապահովագրական ծածկույթ, որը կներառի ԱՀԱ մեջ չընդգրկված՝ լրացուցիչ և բացառություն համարվող առողջապահական ծառայությունները, օրինակ՝ ատամնաբուժական ծառայությունները և պալիատիվ խնամքը։
Հայաստանի ապահովագրողների միությունը տեղեկացնում է, որ նման մոտեցումը չի կարող համարվել պետական-մասնավոր համագործակցություն և ընդունելի լինել ապահովագրական ընկերությունների համար, քանի որ այս դեպքում ևս խաթարվում են ապահովագրության հիմնարար սկզբունքները»,–ասվում է հայտարարության մեջ։






