«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացրել է, որ օգոստոսի 3-9-ը Հայաստանի մի շարք քաղաքներում մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանված թույլատրելի նորման։
Վանաձորում նորմայից բարձր ցուցանիշներ արձանագրվել են հետևյալ օրերին և վայրերում՝ Հերացի փողոցի հարակից տարածքում՝ օգոստոսի 3-ին, 5-ին և 6-ին, իսկ Վարդանանց փողոցի մոտակայքում՝ 3-ին, 7-ին և 9-ին։ Ծատուրյան փողոցի հարակից հատվածում գերազանցում չի գրանցվել։
Ալավերդիում փոշու մակարդակը բարձր է եղել Սանահին սարահարթի Գայի փողոցի հարակից տարածքում, ինչպես նաև Դեբեդի փողոցում՝ օգոստոսի 9-ին։ Իսկ Սայաթ-Նովայի փողոցում ցուցանիշները մնացել են թույլատրելի սահմաններում։
Հրազդանում մթնոլորտային փոշու բարձր պարունակություն արձանագրվել է օգոստոսի 5-9-ը ներառյալ։
Երևանում՝ օգոստոսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում, օդում փոշու քանակը կրկին գերազանցել է սահմանված նորման։ Մասնավորապես՝ Կենտրոն վարչական շրջանում՝ շաբաթվա գրեթե բոլոր օրերին, Արաբկիրում՝ օգոստոսի 7-10-ը, Նոր Նորքում՝ օգոստոսի 8-10-ը, իսկ Շենգավիթում՝ օգոստոսի 8-ին։
Բացի փոշուց, արձանագրվել է նաև ազոտի երկօքսիդի բարձր կոնցենտրացիա. Կենտրոն համայնքում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ օգոստոսի 6-8-ին և 10-12-ին։ Արաբկիրում և Շենգավիթում ազոտի երկօքսիդի պարունակությունը թույլատրելի նորման չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը բոլոր վայրերում մնացել է թույլատրելիի սահմաններում։






