AM
13 Օգոստոս 2025 - 14:19 AMT

Ավտոբուսների արանքում մնացած վարորդի վիրահատության 1–ին փուլը բարեհաջող է անցել

Օգոստոսի 11-ին մայրաքաղաքում տեղի ունեցած ավտոբուսային միջադեպից տուժած թիվ 7 երթուղու վարորդի վիրահատության առաջին փուլն բարեհաջող է անցել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

«Օգոստոսի 11-ին երկու «Ժոնգթոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների արանքում մնացած թիվ 7 երթուղին սպասարկող վարորդի վիրահատության առաջին փուլը քիչ առաջ բարեհաջող ավարտվեց։

Շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր աշխատակցին»,–գրել է նա։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին՝ ժամը 16:45-ի սահմանում, երբ Տիգրան Մեծի պողոտայում՝ թիվ 7 երթուղու վերջնակետում, վարորդներից մեկը՝ ցուցաբերելով անզգուշություն, չի գործարկել ավտոբուսի ձեռքի արգելակման համակարգը։ Դրա արդյունքում մեքենան շարժվել և բախվել է կայանված երկրորդ ավտոբուսին։ Ստացվել է, որ վարորդը հայտնվել է իր ավտոբուսի և նույն երթուղու մեկ այլ տրանսպորտային միջոցի արանքում՝ արդյունքում ենթարկվելով ինքնավթարի։