ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի պաշտպանական թիմը հայտարարել է, որ նրա դեմ իրականացվող քրեական հետապնդումը բացարձակապես անհիմն և անօրինական բնույթ է ստացել։
Նշվում է, որ քննիչի որոշմամբ կարճված, չվերացված և օրինական ուժի մեջ գտնվելու պայմաններում անթույլատրելի է «վերակենդանացնել» արդեն իսկ գնահատված ապացույցով նոր քրեական վարույթ հարուցելը, Վարդան Հարությունյանին մեղադրանք առաջադրելը և նրան կալանավորելը:
Նշվում է նաև, որ դեռ 2018 թվականին «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերության վերաբերյալ ծավալուն և բազմակողմանի քննության արդյունքում հերքվել է որևէ կապի առկայությունը Վարդան Հարությունյանի հետ։
«Այդուհանդերձ, 7 տարի անց նույն փաստական տվյալներն ու նույն ապացույցները ներկայացվում են հակառակ մեկնաբանությամբ՝ կոպտորեն խախտելով «կրկին դատվելու սկզբունքը» (non bis in idem)։ Սա ոչ միայն իրավունքի և արդար դատաքննության հիմնարար սկզբունքների կոպիտ ոտնահարում է, այլև սահմանում է իրավական նիհիլիզմի նոր, վտանգավոր նշաձող, որի հետևանքները վտանգավոր են ողջ իրավական համակարգի համար։
Այս պայմաններում չէր կարող որևէ ձևով հաստատված համարվել կալանքի պայմաններից՝ հիմնավոր կասկածի առկայությունը: Տվյալ իրողություններով հանդերձ Դատարանը նույնիսկ կարողացել է «հետևություն» անել, որ յոթ տարվա վաղեմության, յոթ տարի առաջ ամբողջությամբ հրապարակավ քննության առարկա դարձած գործով Վարդան Հարությունյանը կարող է խոչընդոտել քննությանը: Նշվածը ոչ միայն անհնար է, այլև իրավական առումով բացարձակ աբսուրդ։ Յոթ տարի անց անհնար է որևէ ռիսկ պահպանված լինի կամ առավել ևս աճի այն աստիճան, որի հիմքով հնարավոր կլիներ կիրառվել ամենածայրահեղ խափանման միջոցը։
Մենք հստակ արձանագրում ենք, որ սա ոչ թե արդարադատություն է, այլ իրավական գործընթացների կանխամտածված և կոպիտ խեղաթյուրում, որի միակ նպատակը մեր պաշտպանյալին՝ Վարդան Հարությունյանին, ամեն գնով ինչքան հնարավոր է երկար կալանքի տակ պահելն է: Վարդան Հարությունյանն արդեն իսկ հրապարակային նշված գործընթացի մասին իրական նպատակների մասին հայտնել է իր կարծիքը, ըստ որի վերջինս «պատժվում է» ազնիվ, սկզբունքային և ուղիղ դիրքորոշման համար»,–ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ դատարանի որոշման դեմ նախապատրաստվում է և մոտ օրերս կներկայացվի վերաքննիչ բողոք:
Օգոստոսի 8-ին Վարդան Հարությունյանն ձերբակալվել է ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործողությունների և փողերի լվացման մեղադրանքներով։ Նույն օրը դատարանը որոշում է կայացրել նրա նկատմամբ կիրառել 2 ամսով կալանավորումը։ Քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ» ընկերությանը:
Հարությունյանը պաշտոնավարել է ՊԵԿ-ում 2016-2018 թթ։






