AM
14 Օգոստոս 2025 - 07:32 AMT

ՀԱԿ փոխնախագահ. Գործ ունենք անդադար կապիտուլյացիոն գործընթացի հետ, որի վերջը դեռ չի երևում

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ թեև իշխանությունները փորձում են Վաշինգտոնյան պայմանավորվածութունները ներկայացնել հանրությանը որպես իրենց կողմից հաղթական մի նվաճում, պետք է արձանագրել այս պահին եղած սթափեցուցիչ իրողությունները։

Նա նշել է, որ «գործ ունենք անդադար կապիտուլյացիոն գործընթացի հետ, որի վերջը դեռ չի երևում»։

«1․ Այն, ինչ որ Հայաստանի իշխանությունները հորթային հրճվանքով փորձում են ներկայացնել որպես հաստատված խաղաղություն, ընդամենը` Հայաստանի համաձայնությունն է Ադրբեջանի թելադրած բոլոր նվաստացուցիչ պայմաններին և Միացյալ Նահանգների հռչակված պատրաստակամությունը` նպաստելու այդ պայմաններով խաղաղության հաստատմանը, ինչը, սակայն, միևնույն է դեռ շատ հեռու է խաղաղության բուն հաստատումից, որովհետեւ Ադրբեջանը միևնույն է հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, շարունակում է օկուպացնել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքները, հայ պատանդներ պահել բանտերում, ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգությունը և արցախահայերի վերադարձի բոլոր հնարավորությունները, պետական մակարդակով ծավալապաշտական հայատյաց քարոզչություն իրականացնել եւ հավելյալ պահանջներ ներկայացնել Հայաստանին: Հայաստանի դեմ այս ոտնձգություններից հրաժարվելու որևէ պարտավորություն այս գործընթացում Ադրբեջանն իր վրա չի վերցնում:

2. Փաստորեն, գործ ունենք անգամ ոչ թե մի կապիտուլյացիոն ակտի հետ, որը, թեկուզ վատ և նվաստացուցիչ պայմաններով, վերջնական խաղաղություն կհաստատեր, այլ անդադար կապիտուլյացիոն գործընթացի հետ, որի վերջը, չնայած մեր բոլոր կատարած զիջումներին, առայժմ դեռ չի երևում:

3.Անբացատրելիորեն, ստորագրումից արդեն 5 օր անց, չեն հրապարակվել Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև ստորագրված երեք մեմորանդումները, որոնք մեր հանրությանը պետք է ներկայացնեին Թրամփի «միջանցքի» (դա հենց Թրամփի կողմից օգտագործված եզրույթն է) ստեղծման պայմաններն ու կարգավորումները, մինչդեռ, ըստ Reuters հեղինակավոր ինֆորմացիոն գործակալության, համաձայնությունը նախատեսում է 99 տարով ՀՀ տարածքի վարձակալություն ԱՄՆ-ի կողմից, որն էլ պետք է իր հերթին, այն վերավարձակալության իրավունքով հանձնի մասնավոր ընկերությանը, ինչը չի կարող այլ կերպ ընկալվել քան Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սահմանափակում:

4.Այն վիճակը, որն ստիպում է Հայաստանին ընդունել Ադրբեջանի կողմից թելադրված բոլոր այս նվաստացուցիչ եւ, ինչն ավելի կարեւոր է, վնասարար պահանջները, ստեղծվել է հենց վարչապետ Փաշինյանի 7 տարվա պաշտոնավարության ընթացքում թույլ տրված կործանարար քաղաքական որոշումների հետեւանքով: 2018 թվականից ի վեր անվերջ այս աղետների հեղինակ փաշինյանական ռեժիմը փորձում է այդ աղետների ընթացքը իբր վերջապես կանգնեցրած լինելու պատրանքը ներկայացնել որպես նվաճում, որն իրենց մաքրում է մեր ազգի գլխին բերած աղետների և կորուստների մեղավորությունից:

Հաշվի առնելով այս իրողությունները` իշխանական ռեժիմի քարոզչական այս արշավը այլ կերպ, քան բացահայտ ցինիզմի և խաբեության դրսևորում, որակել հնարավոր չէ»,–ասվում է գրառման մեջ։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։