Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում։
Նա նշել է, որ տարածաշրջանի ապաշրջափակումը կծառայի բոլոր երկրների շահերին, այդ թվում՝ Իրանի և ՌԴ–ի։
«Կարծում եմ, հռչակագիրը բավականին շոշափելի օգուտներ է պարունակում նաև Իրանի և Ռուսաստանի համար, քանի որ, երբ դրանք կյանքի կոչվեն, օրինակ Իրանը հնարավորություն կունենա Պարսից ծոցից երկաթուղով հասնել մինչև Սև ծով, իսկ Ռուսաստանն ու Իրանը կկարողանան երկաթուղային կապ ունենալ։
Եթե մենք կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, ԱՄՆ–ն, այլև Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը կունենան շատ կարևոր և շոշափելի օգուտներ»,–ասել է Փաշինյանը
Նա նշել է նաև, որ սա կարևոր համաձայնագիր է, որը կարող է զգալի օգուտներ բերել նաև ամբողջ միջազգային հանրության համար՝ միջազգային կայունության և անվտանգության առումով»։
Փաշինյանը հիշեցրել է նաև իր կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ նշելով, որ այն կարող է դառնալ համագործակցության և խաղաղության խաչմերուկ։
«Մենք չենք ցանկանում տարաձայնություններ հրահրել, չենք ցանկանում սադրել լարվածություն։ Մեր նպատակը կայունություն, խաղաղություն, կայուն զարգացում, տնտեսական և քաղաքական համագործակցություն ապահովելն է։ Կարծում եմ, որ երեկվա հռչակագիրը դրա համար շատ կարևոր և հարմար հարթակ է»,–ասել է վարչապետը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






