AM
14 Օգոստոս 2025 - 08:08 AMT

ՀԷՑ-ի Մուսա լեռ մասնաճյուղի փոխտնօրենին ազատել են պաշտոնից

ՀԷՑ-ի Մուսա լեռ մասնաճյուղի փոխտնօրեն Հայկ Ավագյանին ազատել են աշխատանքից։ Ավագյանը հաստատել է տեղեկությունը, հայտնում է Aravot.am-ը։

«Այո, ճիշտ է, ինձ ազատել են աշխատանքից, և ես դա համարում եմ անօրինական, որովհետև ես իմ աշխատանքը կատարել եմ պատշաճ: Ինձ հորդորել են դիմում գրել, չեմ գրել, անվստահության հիմքով ազատել են աշխատանքից»,- ասել է Հայկ Ավագյանը և ձեռնպահ մնացել այլ մեկնաբանություններ անելուց:

2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։

ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։