AM
14 Օգոստոս 2025 - 08:54 AMT

Արշակունյաց պողոտայում թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվել են

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Արշակունյաց պողոտայում բերման են ենթարկել 39-ամյա երևանցուն և 41-ամյա աշտարակցուն՝ վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով։ Նրանք տեղափոխվել են Շենգավիթի համայնքային ոստիկանություն։

Աշտարակցու անձնական խուզարկության ժամանակ իրավապահները հայտնաբերել են մեթամֆետամին պարունակող 10 փաթեթ՝ ընդհանուր մոտ 11 գրամ քաշով։ Մյուսի մոտ հայտնաբերվել է «Սփայս-շոկո» տեսակի թմրամիջոցի 10 փաթեթ՝ ընդհանուր 10 գրամից ավելի քաշով, ինչպես նաև դարչնագույն զանգածով գլանակ։

Երկու տղամարդն էլ ներկայացվել են Շենգավիթի քննչական բաժին։ Քրեական վարույթի շրջանակում իրականացված միջոցառումներով Արշակունյաց պողոտայի բազմաբնակարան շենքերից մեկի շքամուտքում հայտնաբերվել է սփայս պարունակող փաթեթ, իսկ Մանանդյան փողոցի մեկ այլ շենքում՝ մեթամֆետամինով փաթեթ։

Օգոստոսի 7-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվել է նաև «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որի արդյունքում հայտնաբերվել է 91 փաթեթ «Սփայս»՝ ընդհանուր ավելի քան 104 գրամ քաշով, և 17 փաթեթ մեթամֆետամին՝ մոտ 16 գրամով, փաթեթավորված կպչուն ժապավենով։

Օգոստոսի 12-ին իրավապահները խուզարկել են նաև 41-ամյա աշտարակցու բնակարանը, որտեղ հայտնաբերվել է 77 թուփ կանեփի բույս։

Նախաքննության այս փուլում պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։ 39-ամյա երևանցին և 41-ամյա աշտարակցին կալանավորվել են ու այժմ գտնվում են քրեակատարողական հիմնարկում։