«Հայաքվե» նախաձեռնությունն, անդրադառնալով Վաշինգտոնում ՀՀ, ԱՄՆ և Ադրբեջանի կողմից ստորագրված փաստաթղթերին, նշել է, որ Հայաստանը որևէ կերպ չի շահում վաշինգտոնյան եռակողմ հուշագրից:
Նշվում է, որ նույնիսկ հասկանալի չէ` արդյոք այն, ինչը Հայաստանը կարող է շահել, իրականում կշահի՞, թե ոչ, գրում է Aysor.am-ը։
«Փորձը ցույց է տալիս, որ այս ընթացքում Ադրբեջանի հետ կնքված ցանկացած փաստաթուղթ Հայաստանից միակողմանի պարտավորություններ է կորզում: Դրա լավագույն օրինակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրն է, որով Հայաստանն իր բոլոր պարտավորությունները գերակատարեց, իսկ Ադրբեջանը դրանք բոլորը խախտեց։
Օրինակ, Ադրբեջանը պարտավորվել էր անխոչընդոտ երթևեկություն ապահովել Բերձորի միջանցքով, իր զինված ուժերը պահել պատերազմի ավարտի պահին զբաղեցրած դիրքերում, և այլն:
Բայց Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ հարձակում իրականացրեց Արցախի դեմ: Նման օրինակները բազմաթիվ են»,–ասվում է հայտարարության մեջ։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






