AM
14 Օգոստոս 2025 - 10:35 AMT

ՀՀ–ում խաղային գործունեության կարգավորման օպերատորը կընտրվի մրցույթով` 15 տարի ժամկետով

ՀՀ–ում խաղային գործունեության կարգավորման օպերատորը կընտրվի մրցույթով` 15 տարի ժամկետով։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեl 1 կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, ներկայացնելով խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը, նշել է, որ օպերատորն ընտրվելու է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից բաց մրցույթով, հայտնում է Sputnik Արմենիան։

Մրցույթը կիրականացվի երկու փուլով, որի արդյունքում ընտրված մասնավոր ընկերությունը պետության հետ պայմանագիրը կկնքի 15 տարով, որից հետո ընկերության կողմից ներդրված ենթակառուցվածքը պետք է փոխանցվի պետությանը։

«Օպերատորը պետք է իրական ժամանակում խաղադրույքների մոնիթորինգ իրականացնի, համապատասխան մոնիթորինգային կենտրոն ստեղծի, որին կմիացնի այդ ոլորտի կազմակերպություններին, ինչպես նաև կիրականացնի խաղային արտադրանքների համապատասխանելիության սերտիֆիկատների իսկության հավաստիացում։ Մոնիթորինգային կենտրոնին միանալու են ինչպես խաղային սարքավորումները, այնպես էլ այն հարթակները, որոնց միջոցով կազմակերպվում են խաղերը»,– պարզաբանել է ՊԵԿ նախագահը։

Նրա խոսքով՝ այս բարեփոխման շնորհիվ հնարավոր կլինի ամբողջությամբ վերահսկել խաղերի կազմակերպման ֆինանսական շրջանառությունը, ինչպես նաև խաղացողների շահումները, որոնք 2026 թվականից կդիտվեն որպես եկամուտ և համապատասխանաբար կհարկվեն։ Այդպիսով՝ ՊԵԿ-ը ակնկալում է պետական բյուջեի հարկային մուտքերի աճ։

Հակոբյանը հավելել է, որ նոր համակարգը կտրամադրի հնարավորություններ վերահսկելու խաղային սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովման տեխնիկական վիճակը՝ կանխելով խարդախությունները, միաժամանակ ապահովելով խաղացողների շահերի պաշտպանությունն ու հանրության առավել խոցելի խմբերի պաշտպանությունը խաղամոլությունից։

Կառավարության անդամները հույս են հայտնել, որ օպերատորի ընտրությունը կավարտվի մինչև 2025 թվականի ավարտը, և ոլորտը կդրվի լիարժեք վերահսկողության ներքո։

Նիստը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է։