ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Քենեդիի կենտրոն, որտեղ հանդես է եկել մի շարք մեկնաբանություններով։
Նա մասնավորապես անդրադարձել է ԱՄՆ–ում եւ մայրաքաղաք Վաշինգտոնում ենթակառուցվածքային որոշ խնդիրների և նշել․ «Շատ ղեկավարներ են գալիս, վերջերս Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները եկան: Ես հարցրի` ինչ ես կարծում, նա (Հայաստանի վարչապետը) ասաց․ «Հայաստանում ճանապարհներն ավելի լավն են, քան Վաշինգտոնում»։ Դա ամոթալի է», հայտնում է Aravot.am-ը։
Նա նաև անդրադարձել է ռուս-ամերիկյան սպասվող գագաթնաժողովին, որը նախատեսված է Ալյասկայում՝ նշելով, որ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հարցում պայմանավորվածությունների բացակայությունը կբերի լուրջ հետևանքների։
«Ռուսաստանը լուրջ հետևանքների կբախվի, եթե Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ընթացքում չհաջողվի որևէ պայմանավորվածություն ձեռք բերել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ», այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա հավելել է. «Եթե ես չստանամ այն պատասխանները, որոնք ուզում եմ, [Պուտինի հետ] երկրորդ հանդիպում չի լինի։ Այո, կլինեն լուրջ հետևանքներ», – ասել է Թրամփն՝ առանց այլ մանրամասների։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






