AM
14 Օգոստոս 2025 - 12:08 AMT

Խուդաթյան․ Սահմանազատման պրոցեսի արդյունքում խնդիրները կլուծվեն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ընդգծել է, որ նախաստորագրման փուլը մեծ կարևորություն ունի, հատկապես այս մակարդակի ներկայացուցչական կազմով։ Ըստ նրա, այդ գործընթացը առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում կայուն խաղաղության հաստատման, ինչպես նաև պետականության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման տեսանկյունից, հայտնում է 1lurer.am-ը։

Անդրադառնալով ՀՀ տարածքից Ադրբեջանի զինուժի դուրսբերման ի հարցին՝ նախարարը նշել է, որ սահմանազատման պրոցեսի արդյունքում խնդիրները կլուծվեն։

«Մենք վստահ ենք, որ սահմանազատման պրոցեսի արդյունքում խնդիրները կլուծվեն: Հստակ ձևակերպվել են սահմանազատման պրոցեսը և տրամաբանությունը, որն արդեն իրականացվել է Կիրանցում, և նախորդիվ իրականացված սահմանազատման պրոցեսը մեզ վստահություն է տալիս, որ այդ պրոցեսը շարունակական է լինելու:

Կա պայմանավորվածություն, որ սահմանազատման պրոցեսը շարունակվելու է: Եվ ես հավատում եմ, որ այն խնդիրները, որոնք հասցեագրվելու են սահմանազատման գործընթացին, իրենց լուծումն են ստանալու խաղաղ ճանապարհով սահմանազատման գործիքի կիառմամբ: Մենք սկսել ենք խաղաղության պրոցես, որի ընթացքում բոլոր խնդիրները լուծվելու են»,- ասել է Խուդաթյանը։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։