AM
14 Օգոստոս 2025 - 13:00 AMT

Բագրատ սրբազանը՝ գլխավոր դատախազին․ Ձայնագրությունը կեղծված է և մոնտաժված՝ պատրա՞ստ եք ներողություն խնդրել

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, կալանավորված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի նախագահին և իրավապահ կառույցներին՝ նշելով, որ ձայնագրությունը կեղծված է և մոնտաժված:

«Մոտ մեկ ամիս առաջ պահանջեցի հրապարակել հայտնի «գյուլելու» մասին ձայնագրության ամբողջական տարբերակը։ Չարեցի՛ք։ Դեռ ավելին, հայտարարեցիք, որ դրանք ո՛չ մոնտաժված են և ո՛չ էլ կեղծված։

Հիմա, երբ նախաքննությունն ավարտված է (օ՜ զարմանք, դարի ահաբեկչական գործի նախաքննությունն ավարտվում է մեկ ամսում), այդ գործը կատարեց իմ փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Պատկերը շատ պարզ է և հստակ՝ ձայնագրություն կոչվածը կեղծված է, մոնտաժված և համատեքստից կտրված, և բացարձակ առնչություն չունի ձեր և ՔՊ-ական խուլիգանական խմբի տարփողումների և մեղադրանքների հետ։

Այժմ, ուղիղ հարց Ձեզ, տիկին գլխավոր դատախազ.

ա) ընդունու՞մ եք, որ ամբողջ այս ներկայացումը կեղծված է,

բ) պատրա՞ստ եք առնվազն ներողություն խնդրելու և ապաշխարելու՝ հրապարակային, կամ անձնապես Ձեր ոչ կոմպետենտ վերաբերմունքի, ես կասեի՝ քաղաքականացված և հրամայված վարքագծի համար, որ դրսևորել եք թե՛ խորհրդարանում, թե՛ հանրային հեռուստատեսությամբ և ԶԼՄ-ներով,

գ) «ավտոբուսներ այրելու» պահով խորհրդարանում դրսևորած Ձեր պահվածքին առայժմ չեմ անդրադառնում։

Բացահայտում ունեմ, որ անակնկալ չլինի՝ գիտեմ, որ վերոնշյալ հարցադրումներիս չեք արձագանքելու։ Ամեն դեպքում մենք կդիմենք համապատասխան իրավական միջոցների հնարավոր բոլոր ատյաններում՝ այս խայտառակությունը կազմակերպողներին պատասխանատվության ենթարկելու համար։

Երիցս ճշմարիտ է աղոթքի խոսքը և այս ամբողջ գործը կլինի «Վասն խորտակելոյ զհակառակորդն վաղվաղակի ընդ ոտիւք մերովք…» և

Հաղթանակն այլընտրանքի չունի…

Հ.Գ. Միակ զղջումս այս ընթացքում հայերենիս անկումն է, որ անկախ իմ կամքից տեղի է ունեցել այս մեկ տարվա ընթացքում, որը դարձյալ չարիքի իշխանության ազդեցության հետևանքն է։ Խոնարհաբար ներողություն եմ խնդրում իմ սիրելի ժողովրդից և խոստանում անպայման ամբողջությամբ սրբագրել»,-ասվում է նամակում։

Բագրատ սրբազանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է փաստեր, որոնք, իր գնահատմամբ, ապացուցում են, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ մեղադրանքի հիմքում եղած ձայնագրությունները մոնտաժվել են։Նա նաև հրապարակել է ձայնագրության չմոնտաժված տարբերակը՝ նշելով, որ կարող է դա անել, քանի որ «Սրբազան պայքարի» գործով նախաքննությունն ավարտվել է։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հանրության համար օր օրի պարզ է դառնում, որ «Սրբազան պայքարի» գործը ոչ այլ ինչ է, քան մոնտաժված ձայնագրություններով անորակ սարքված քաղաքական հետապնդում: