Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում Հակակոռուպցիոն դատարանում առաջին նիստն է այսօր նշանակված, լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։
Հարցին, թե արդյոք ճի՞շտ է, որ գործի վերաբացման պատճառը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումն է, և ինչու են իշխանությունները յոթ տարի անց հիշել այդ գործի մասին, նա պատասխանել է, որ Լավրովի հետ հանդիպում չի եղել, իսկ մնացած հարցերը պետք է ուղղել իշխանություններին, հայտնում է Panorama.am-ը։
Նա նշել է, որ գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ ձեռնարկվող գործողությունները իրեն անհանգստացնում են։
Լրագրողի դիտարկմանը, թե նա չի մասնակցել գործարարի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստերին կամ ակցիաներին, Աբրահամյանը պատասխանել է․ «Դուք գիտեք` ինչի համար չեմ եղել, քանի որ ես վարչական կալանքի տակ եմ եղել։ Իսկ ընդհանրապես, նրա նկատմամբ իրականացվող քայլերն ինձ անհագստացնում են, և յուրաքանչյուր անարդար որոշում պատժվելու է», հայտնում է Sputnik Արմենիան։
Անդրադառնալով եկեղեցու դեմ հարձակումներին՝ Աբրահամյանը նշել է, որ այդ հարցը, ինչպես բոլորին, իրեն ևս մտահոգում է։
Նախկին վարչապետի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում պաշտոնեական դիրքի չարաշահման և ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով։
Աբրահամյանը ձերբակալվել է հունիսի 13-ին, իսկ հաջորդ օրը դատարանը նրա նկատմամբ կիրառել է տնային կալանք։ Հուլիսի վերջում դատարանը այդ խափանման միջոցը փոխարինել է վարչական հսկողությամբ։






