ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամիփ միջնորդությամբ ստորագրված հայ-ադրբեջանական համաձայնագրերին և դրանց ազդեցությանը Իրանի վրա, շեշտել է, որ Թեհրանի և Երևանի հարաբերություններըռազմավարական նշանակություն ունեն և երբեք չեն դառնա որևէ աշխարհաքաղաքական գործարքի առարկա:
Նա հավելել է, որ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի առաջիկա այցը Երևան այս կապերը կբարձրացնի նոր մակարդակի։
«Մենք գնահատում ենք այդ հարաբերությունները, որոնք հազարամյակների պատմություն ունեն, և մենք պետք է դրանք ավելի ամուր և կայուն դարձնենք ապագա սերունդների համար», – ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն։
Փոխնախարարն նաև անդրադարձել է Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի ստորագրումից հետո Իրանից հնչած արձագանքին և մտահոգություններին։
«Կարևոր է լսել եղբայրական երկրների, հատկապես՝ Իրանի արձագանքներն ու կարծիքները։ Մենք գնահատում ենք Իրանի ԱԳՆ հավասարակշռված հայտարարությունը, ինչպես նաև նախարարի և նախագահի հետագա դիտարկումները: Այժմ նոր դարաշրջան ենք թևակոխում հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Դա դրական ազդեցություն կունենա ոչ միայն մեր երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանային դինամիկայի վրա։
Ադրբեջանի հետ մեր առանցքային համաձայնագրերից մեկը տարածաշրջանում տրանսպորտային ուղիների վերականգնումն է՝ երկրների ինքնիշխանության, իրավասության և տարածքային ամբողջականության լիակատար փոխադարձ հարգանքի պայմաններում: Գործնականում դա նոր հնարավորություններ կբացի Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար, այդ թվում՝ Նախիջևան–Ջուղա երկաթգծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի մուտքը Հայաստան և, ի վերջո, Սև ծով»,- ասել է Կոստանյանը։
Նա հավելել է, որ Իրանի առաջարկած «3+3» ձևաչափը կարող է դառնալ հարմար հարթակ տարածաշրջանային կապուղիների քննարկման համար։
Ըստ փոխնախարարի, «Թրամփի» նախագծի շուրջ նախնական բանակցությունների ընթացքում արդեն ներառվել են իրանական կողմի հիմնական մտահոգությունները, և որոշ մանրամասներ հստակեցվել են։
«Նախատեսվում է, որ Հայաստանում կգրանցվի մի ընկերություն, որի բաժնետոմսերը կբաժանվեն Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ անվտանգության ուժերը ներկա կլինեն տարածաշրջանում։ Սա է եղել իրանական կողմի հիմնական մտահոգություններից մեկը, և կարծում եմ՝ այն լուծվել է»,– ասել է Կոստանյանը։
Նա ընդգծել է, որ Իրան–Հայաստան սահմանի անխափան գործունեությունը ռազմավարական է, և հաղորդուղիների բացումը կկատարվի միայն երկրների ինքնիշխանության և իրավասության հիման վրա։ Կոստանյանի խոսքով, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում նախատեսված կապերը նպատակ ունեն ամրապնդել վստահությունը, այլ ոչ թե ստեղծել նոր աշխարհաքաղաքական սահմանափակումներ։
Փոխարտգործնախարարը վստահեցրել է, որ Իրանի հետ պատմական սահմանը կմնա անփոփոխ, իսկ Փեզեշքյանի այցը հնարավորություն կտա ստորագրել մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնց մանրամասները դեռ չեն հրապարակվում։
«Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը խոր հարգանք ունեն Իրանի առաջնորդի, կառավարության և ժողովրդի նկատմամբ։ Մեր երկու երկրների հարաբերությունները մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն և երբեք չեն լինի որևէ աշխարհաքաղաքական գործարքի առարկա։ Մենք գնահատում ենք այս հարաբերությունները, որոնք հազարամյակների պատմություն ունեն, և մենք պետք է դրանք փոխանցենք ապագա սերունդներին։ Սա է իմ կառավարության համոզմունքն ու ուղերձը»,– եզրափակել է Վահան Կոստանյանը։
Փեզեշքիանը ՀՀ կժամանի օգոստոսի 18–ին; Այցը երկօրյա է։






