Հակակոռուպցիոն դատարանում (դատավոր՝ Տիգրան Դավթյան) ընթանում է Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը։ Դատարանի բակում հավաքվել են գործարարի աջակիցները, հայտնում է Aysor.am-ը։
Դատական նիստից առաջ, «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հուսով է՝ դատավորը կունենա բավարար համարձակություն՝ դիմակայելու քաղաքական ազդեցություններին։
Հարցին, թե արդյոք համոզված է, որ դատարանի վրա ճնշումներ են գործադրվում կալանքը երկարացնելու համար, նա պատասխանել է. «Վստահ եմ՝ ճնշումներ կան դատարանի վրա»։
Կարապետյանը հայտարարել է նաև, որ մինչև օգոստոսի վերջ «Մեր ձևով» շարժմանանդամները մամուլի ասուլիսով կներկայացնեն իրենց նպատակներն ու գործողությունների ծրագիրը։ Նրա խոսքով, շարժումը պատրաստվում է խոսել ոչ միայն քաղաքական մարտահրավերների, այլև մարդկանց առօրյա խնդիրների և դրանց լուծումների մասին, հայտնում է Sputnik Արմենիան։
Կարապետյանը նշել է․ «Տասնյակ տարիներ կուսակցությունները խոսում են քաղաքական պրոցեսներից, բայց տեղային առաջարկներ չեն արվում։ Մենք տեսել ենք, որ մարդկանց պետք է ծրագիր ներկայացվի, որպեսզի հասկանան, թե ինչ ծրագրի հետևից են գնում, այլ ոչ թե քաղաքական ինչ-որ հայտարարություններ արվեն։
Վերջնական նպատակը մարդկանց կյանքի բարելավումն է, բայց մենք պետք է ցույց տանք այն գործիքները, որպեսզի տարանջատվի՝ այդ ուժն ունի՞ պոտենցիալ, գործիքակազմ ունի՞ իրականացնելու համար։ Մենք պետք է ներկայացնենք ոչ միայն մեր տնտեսական, այլև սոցիալական, առողջապահական ծրագրերը։ Այդ ամենը ներկայացնելուց հետո նոր Սամվել Կարապետյանը հանդես կգա քաղաքական օրակարգով»։
Նա շեշտել է, որ «Մեր ձևով» նախաձեռնությունը լինելու է ապաքաղաքական, որպեսզի տարբեր ոլորտների մասնագետները ազատ ներկայացնեն իրենց կարծիքներն ու բարեփոխումների առաջարկները:
«Եթե դա քաղաքական շարժում լինի, մարդիկ նախնական մտավախություն կունենան, որ քաղաքական գործընթացի են մասնակցում։ Որպեսզի մեր ազգի արհեստավարժ մասնագետների կարծիքներն ու առաջարկները ստանանք, թե ինչ բարեփոխումներ պետք է արվեն մեր երկրում, մենք պետք է ստեղծենք ապաքաղաքական շարժում»,-ասել է նա։
Նարեկ Կարապետյանի համոզմամբ, իշխանափոխության ամենաիրատեսական ճանապարհը ընտրություններն են։
«Կարծում եմ՝ մեր հասարակությունը փողոցային պայքարից մի փոքր հիասթափված է, քանի որ նախկին փողոցային պայքարները բավականին տխուր հետևանքների են հանգեցրել»,-ասել է նա։
Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին՝ Հայ առաքելական եկեղեցուն հրապարակավ աջակցելու և իշխանություններին քննադատելու հայտարարություններից հետո։ Նա այժմ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ում է, իսկ հուլիսի 4-ին մեկուսարանից հայտարարել է նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։
Օգոստոսի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Կարապետյանի ձերբակալությունը։ Նախքան այդ էլ արձանագրվել էր, որ թե՛ ձերբակալումն, թե՛ խուզարկությունը եղել են ապօրինի։






