ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում «Տաշիր Կապիտալի» գլխավոր տնօրեն, ՀԷՑ-ի բաժնետեր և Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ «Մեր ձևով» քաղաքական շարժումը բացառում է ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահների քաղաքական թիմերի հետ առաջիկա ընտրություններին կոալիցիայով մասնակցելու հնարավորությունը։
«Յուրաքանչյուր ուժ ունի իր առաջնահերթությունները։ Մեր առաջնահերթությունն է ներկայացնել մեր ծրագրերը»,– նշել է նա՝ հավելելով, որ նախընտրական համագործակցությունը կդիտարկվի միայն երիտասարդ և նորաստեղծ ուժերի հետ, հայտնում է Sputnik Արմենիան։
«Մեր քաղաքական դաշտի հին խաղացողների հետ մենք չունենք ծրագիր մոտակա ժամանակաշրջանում, ինչպես նաև մինչև ընտրությունները կոալիցիոն ինչ–որ պայմանավորվածություններ, քանի որ մեր ուղին տնտեսական ուղղվածության է, և մեր տեսլականները ՀՀ–ում դեռ որևիցե ուժ չի առաջարկում»,– ընդգծել է նա։
Կարապետյանը համոզված է, որ անգամ քաղաքական ու արտաքին, անվտանգային հարցերում մեծ նշանակություն ունի տնտեսապես հզոր լինելու հանգամանքը։
«Երկիրը պետք է տնտեսապես ուժեղ լինի, հարուստ լինի, և միայն դրանից հետո նա կարող է խաղացող լինել այս տարածաշրջանում։ Եթե դու աղքատ ես, չես կարող լինել խաղացող։ Ինչքան ուզում ես քաղաքականություն վարի, դու լինելու ես պարտվող կողմ բանակցություններում։ Եթե տնտեսապես հզոր ես, կարող ես քեզ թույլ տալ ունենալու պաշտպանական համակարգ և լուծել քո հարցերը այդ ձևաչափով։ Այսինքն՝ սկզբում քաղաքականությունը չէ, հետո տնտեսությունը, այլ ընդհակառակը։ Հենց դա է մեր մեսիջը հասարակությանը»,-ասել է նա։
Կարապետյանը նշել է նաև, որ առաջնայինը ոլորտային բարեփոխումների վերաբերյալ մասնագետների կարծիքների ներառումն է, հայտնում է Aysor.am-ը։
«Շարժումը պետք է ներկայացնի այն առաջնահերթությունները, որոնք պետությանը, ժողովրդին պետք են՝ փոփոխությունների համար, որից հետո արդեն կգա քաղաքական հանգուցալուծումը, որը վաղ, թե ուշ, լինելու է, սակայն մենք պետք է առաջարկ ունենանք մարդկանց»,– ասել է Կարապետյանը։
Ներքաղաքական զարգացումների մասին նա հավելել է․ «Ամենաիրատեսական ճանապարհը մեր քաղաքական պրոցեսների մեջ՝ ընտրություններն են, պետք է գնանք ընտրությունների։ Իմ կարծիքով՝ մեր հասարակությունը մի փոքր հիասթափվել է փողոցային պայքարից, քանի որ նախկինում եղած փողոցային պայքարները բերել են տխուր հետևանքների»։
Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, Հայ առաքելական եկեղեցուն հրապարակավ աջակցելու և իշխանություններին քննադատելուց հետո։ Նա այժմ գտնվում է «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ում և հուլիսի 4-ին մեկուսարանից հայտարարել է նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։






