Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով, հայտնում է նրա փաստաբանական թիմը։
Դատական նիստը շարունակվել է մի քանի ժամ, որից հետո Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը կայացրել է համապատասխան որոշում։
«Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա անտրամաբանական վճիռը ցույց տվեց, որ Հայաստանում արդարադատություն չկա։ Բայց մենք անպայման վերականգնելու ենք այն։ Դատավորները ազատ են լինելու իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու մեջ ու չեն առաջնորդվելու վախով, այլ բացառապես օրենքներով;
Ամեն դեպքում, մեր բոլոր ծրագրերն ուժի մեջ են մնում։ Օգոստոսի վերջին կմեկնարկի Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը, որի գործունեությունը, անկասկած, նոր, վաղուց սպասված էջ է բացելու մեր երկրի պատմության մեջ»,- ասված է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի տարածած հայտարարության մեջ։
Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին՝ երկամսյա ժամկետով։ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգի բռնի տապալման և իշխանության զավթման հրապարակային կոչերի համար։ Նա չի ընդունել իր նկատմամբ ներկայացված մեղադրանքը, իսկ նրա պաշտպանական թիմը պնդել է, որ գործը կառուցված է անհիմն հիմքերի վրա։
Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական վարույթ՝ կապված նրա՝ զանգվածային լրատվության միջոցով տված հարցազրույցում արտահայտած հրապարակային կոչերի հետ, որոնք ուղղված են եղել սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարության լիազորություններին տիրանալուն։






