Սփյուռքի հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները խորն անհանգստություն են հայտնել Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների կալանքը երկարացնելու որոշման կապակցությամբ։
Օգոստոսի 15-ի դատական նիստում մերժվել են Միքայել սրբազանի պաշտպանների ներկայացրած բոլոր միջնորդությունները։ Դրանց թվում են եղել խափանման միջոցի փոփոխման, գործը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան տեղափոխելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ առաջարկները։
Հայտարարության մեջ ընդգծվում է՝ երկու բարձրաստիճան հոգևորականի շարունակական կալանավորման հանգամանքն աննախադեպ ու ցավալի երևույթ է ինչպես եկեղեցու, այնպես էլ հավատացյալների համար։
«Մենք համարում ենք, որ նրանց նկատմամբ կալանքի ձևով խափանման միջոցի կիրառումը կարող է փոխարինվել ազատության մեջ մնալու այլընտրանքային միջոցներով, մինչև դատական արդար վճռի իրականացումը։ Մոտիկից ծանոթ լինելով մեր 2 հոգևոր եղբայրների կյանքի ուղեգծին` մենք համոզուած ենք, որ լինելով ազատության մեջ, նրանք ոչ մի կերպ չեն խոչընդոտի նախաքննության կամ դատաքննության ընթացքին»,–ասված է հայտարարության մեջ։
Եկեղեցու սփյուռքի առաջնորդները հույս են հայտնել, որ երկու հոգևորականի գործերի քննությունը կընթանա թափանցիկ, օրենքի և իրավունքի գերակայության պայմաններում՝ բոլոր կողմերի իրավունքների հավասար երաշխավորմամբ։
Հունիսի լույս 26-ի գիշերը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել էր, նա անցնում է «հեղաշրջման գործով»։
Հունիսի 27-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մուտք են գործել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք՝ փորձելով ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Ավելի ուշ վերջինս ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե։ Հունիսի 28-ին նրան կալանավորել են։ Նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ պետական իշխանության զավթման, տարածքային ամբողջականության խախտման, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչերի մեղադրանքով։






