AM
18 Օգոստոս 2025 - 10:43 AMT

Ավինյանը վերջնաժամկետ է սահմանել աղբի վերամշակման գործարանի մրցույթի համար

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն կարգադրել է քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին մինչև տարեվերջ անցկացնել աղբի վերամշակման գործարանի կառուցման երկփուլ մրցույթ և հայտարարել հաղթող կազմակերպության անունը։

Նա հստակեցրել է, որ հանձնարարականի կատարման դեպքում կսահմանվեն կադրային նոր որոշումներ։

«Սա Երևանի համար ամենակարևոր ու դժվար հարցերից է, հապաղել այլևս չենք կարող»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Ավինյանը՝ Նուբարաշենի աղբավայրում հերթական անգամ բռնկված հրդեհի ու դրա մարման աշխատանքների վերաբերյալ զեկույցից հետո։

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշել է, որ 9 օր տևած ինտենսիվ աշխատանքներից հետո օգոստոսի 17-ի դրությամբ Նուբարաշենի աղբավայրում հրդեհային վտանգը վերացվել է, հայտնում է Sputnik Armenia-ն։

Նրա խոսքով՝ հրդեհի մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 8-ի կեսգիշերին, իսկ արդեն օգոստոսի 9-ի առավոտյան կրակը մարված է եղել, թեև աղբավայրը շարունակել է ծխալ լիարժեք ծավալով։ Արեյանը հավելել է, որ հետագա 9 օրերին իրականացվել են հրդեհի նոր բռնկման և տարածման կանխարգելման միջոցառումներ, որոնց ներգրավվել են ոչ միայն քաղաքապետարանի ամբողջ ռեսուրսը, այլև 12 վարչական շրջաններն ու մասնավոր կազմակերպություններ։ Աշխատանքները վերաբերել են աղբավայր տեղափոխված հողի միջոցով տարածքի ծածկմանը։

«Օրական 20-22 միավոր տեխնիկա հող է տեղափոխել։ Ընդհանուր առմամբ, 9 օրերի ընթացքում 2450 մեքենա հող է տեղափոխվել»,- ասել է Արեյանը։

Փրկարար ծառայության Երևանի քաղաքային վարչության պետի պաշտոնակատար Զավեն Մելքոնյանն տեղեկացրել է, որ հրդեհաշիջման նպատակով օգտագործվել է 22 035 տոննա ջուր, իսկ գործընթացին մասնակցել է 430 փրկարար։

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տարածքում հաստատել է շուրջօրյա հերթապահություն։