AM
19 Օգոստոս 2025 - 08:33 AMT

Փաշինյանի ուղերձը․ Սահմանային հարցերը, գերիների վերադարձը, ԼՂ հարցի փակումն ու արցախցիների հայրենադարձումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում նշել է, որ խաղաղության հասնելու նոր տրամաբանության համաձայն՝ պետք է ընդունել, որ ոչ միայն ադրբեջանական վերահսկողության տակ կան հայկական տարածքներ, այլև հայկական վերահսկողության տակ՝ ադրբեջանական: Նա այս տեսակետը ներկայացրել է` արձագանքելով պնդումներին, թե Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրում բացակայում է ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքի խնդրի լուծումը: Փաշինյանն ընդգծել է, որ երկու պետությունն էլ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա:

«Այս իրողությունը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացում: Բայց խաղաղության տրամաբանությունը, նոր տրամաբանությունը այն է, որ ասելիս, որ Հայաստանի ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո, և փոխադարձ այս հարցը պիտի լուծում ստանա սահմանազատման գործընթացում», – ասել է վարչապետը:

Փաշինյանի ընդդիմախոսները խաղաղության գործընթացը համարում են ձախողված՝ մատնանշելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը՝ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հարցի հասցեագրման: Վարչապետը հիշեցրել է, որ ամիսներ առաջ արդեն հայտարարել է՝ Ղարաբաղյան շարժումը պետք է դադարեցնել, իսկ ժողովրդին հորդորել է` եթե համաձայն չեն, թող հեղափոխություն անեն:

«Ժողովուրդը, այսինքն՝ դուք, սիրելի քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք, որովհետև ինձնման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ, որ Ղարաբաղի հարցը իրոք որոշ ուժեր պարզապես օգտագործում էին որպես գործիք՝ Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականության կայացումն ու զարգացումը թույլ չտալու համար», – նշել է նա:

Փաշինյանը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների վերադարձի հարցը համարում է ոչ իրատեսական: Ըստ նրա՝ փախստականների վերադարձի օրակարգն առաջ քաշելն իրենից վտանգ է ներկայացնում՝ խաթարելով հայ-ադրբեջանական խաղաղությունը:

«Այդ թեմաներն արծարծելու երկկողմ փորձերը հենց իրենց՝ փախստականներին ոչինչ չեն տալու, իսկ պետությունների միջև դառնալու են լարվածության նոր աղբյուր: Իմ այս պատկերացումը կիսել եմ նաև պաշտոնական Բաքվի հետ, և արձանագրում եմ, որ այո, դա վտանգավոր և վնասական թեմա է նորընծա խաղաղության համար: Իմ ընկալումն այն է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր համաձայն չեն այս ռազմավարության հետ, կամա թե ակամա հայտնվում են կոնֆլիկտի վերակենդանացման տրամաբանության մեջ», – նշել է վարչապետը:

Վարչապետն արցախցիներին առաջարկել է բնակություն հաստատել Հայաստանում՝ լիարժեք քաղաքացիական կարգավիճակով:

Վարչապետն անդրադարձել է նաև գերիների հարցին՝ նշելով, որ խաղաղության պայմանագրում նրանց վերաբերյալ դրույթ չի ներառվել, քանի որ Երևանը ցանկացել է այդ խնդիրը չկապել փաստաթղթի ստորագրման հետ: Փաշինյանը վստահեցրել է, որ այդ ուղղությամբ այժմ ակտիվ դիվանագիտական աշխատանքներ են ընթանում:

«Այժմ էլ դիվանագիտական ահռելի աշխատանք է տարվում այդ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար, ինչի արտահայտությունը վերջերս տեսաք, ականատես եղաք», – ասել է Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև ապաշրջափակման շուրջ հնչող մտահոգություններին՝ կրկնելով, որ Բաքվի համար ինչ պայմաններ գործեն, նույնը կլինի նաև Հայաստանի համար: Ըստ հռչակագրի՝ Ադրբեջանը ստանում է անխոչընդոտ կապ Նախիջևանի հետ, իսկ Հայաստանը՝ փոխադարձ արտոնություններով հաղորդակցություն: Սակայն մինչ այդ պետք է սահմանազատման գործընթաց իրականացվի:

«Սա նշանակում է, որ հաղորդակցության ուղիների վերականգնման, կառուցման հատվածներում նախ պետք է հստակեցվի, սահմանազատվի և սահմանագծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը, իսկ սահմանը արդեն ունի իր պարտադիր ատրիբուտները՝ սահմանապահ, մաքսակետ և այսպես շարունակ: Այլ բան, որ դեռևս «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ներկայացման ժամանակներում և մինչև այսօր էլ մենք սահմանի հատման պարզեցումների պատրաստակամություն ենք հայտնել, և այս հարցն է, որ առաջիկայում պետք է դետալացված քննարկման առարկա դառնա», – նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելել է, որ այս ուղղությամբ որևէ մտահոգություն չունի՝ ընդգծելով, որ հիմնական սկզբունքների շուրջ արդեն համաձայնություն ձեռք է բերված: Վարչապետը վստահեցրել է՝ ապաշրջափակման հարցում միջազգային գործընկերների բոլոր մտահոգությունները փարատվել են:

Ի վերջո, Փաշինյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 8-ից Հարավային Կովկասում իրավիճակը փոխվել է, և այժմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել:

Բաքվից, մինչդեռ, շարունակվում է հնչել պահանջ, որ Հայաստանը կատարի իր «տնային աշխատանքը»՝ փոխելով Սահմանադրությունը: