AM
19 Օգոստոս 2025 - 08:41 AMT

Վարչապետի շարասյան վարորդը Սոնա Մնացականյանի գործով դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման

Դատարանը միջադեպից երեք տարի անց մեղավոր է ճանաչել վարչապետի շարասյան նախկին վարորդ Արամ Նավասարդյանին 29-ամյա հղի Սոնա Մնացականյանի մահվան գործով՝ դատապարտելով նրան 1,5 տարվա ազատազրկման։

Այս որոշմամբ Նավասարդյանը զրկվել է նաև նույն ժամանակով՝ 1,5 տարով, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Սոնա Մնացականյանի ընտանիքը, սակայն, այս ընթացքում պահանջել է 4 տարվա ազատազրկում, իսկ գործը քննող դատախազը՝ 2,5 տարվա պատիժ, հայտնում է Sputnik Armenia-ն։

Հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանը դատարանում նշել է, որ ոստիկանության մայոր Նավասարդյանի գործողությունները որակավորվում են որպես միջին ծանրության հանցագործություն, որի համար օրենքով նախատեսվում է մինչև հինգ տարվա ազատազրկում։ Տարբեր վարկածների շուրջ քննությունը շարունակվել է ավելի քան երեք տարի։

Մահվան ելքով դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի ապրիլի 26-ին, երբ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկը հերթական անգամ փակվել է՝ վարչապետի շարասյանը ճանապարհ տալու համար։ Երբ Մնացականյանը փորձել է անցնել հետիոտնային անցմամբ, շարասյան մեքենաներից մեկը՝ գերազանցելով թույլատրելի արագությունը, հարվածել է նրան։ Այդ մեքենան վարել է ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանը։ Դեպքից հետո ոչ նա, ոչ շարասյան այլ մեքենաների վարորդները, այդ թվում՝ վարչապետի մեքենան վարող անձը, չեն կանգնել և շարունակել են ընթացքը։

Նավասարդյանի պաշտպանը մեղադրել է դատարանին կողմնակալ վերաբերմունքի մեջ։ Պաշտպանական կողմը դատավարությունն անարդար է գնահատել՝ ընդգծելով, որ գործով նոր փորձաքննություններ չեն անցկացվել։

Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը, միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով լուծել փոխհատուցման հարցը։ Նա պահանջել է 10 միլիոն դրամ՝ դստեր հուղարկավորության և գերեզմանի կառուցման ծախսերը հոգալու համար։ Դատարանը որոշել է Արամ Նավասարդյանից բռնագանձել 4 միլիոն դրամ՝ որպես պատճառված վնասի փոխհատուցում։

Մնացական Մնացականյանը դատարանից հեռացել է խոր հիասթափությամբ՝ նշելով, որ արդարադատություն Հայաստանում գոյություն չունի:

«Իմ հույսերն ավելի շատ էին, որ իրոք արդարադատություն կլինի, բայց հիմա համոզված եմ՝ չկա այդ արդարադատությունը»,- վճռի հրապարակումից հետո ասել է Մնացականյանը, հայտնում է «Առավոտը»:

Նա ընդգծել է, որ միանգամայն համաձայն չէ դատարանի որոշման հետ, և վստահություն է հայտնել, թե բարձր ատյաններում բողոքարկման արդյունքում նույնիսկ սահմանված ազատազրկումը կարող է չեղարկվել։ Նա նշել է, որ դիմելու է վերադաս ատյաններին՝ բողոքարկելով դատավճիռը: