Քաղաքագետ և ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին, չնայած շարունակական վատ ինքնազգացողությանը, չեն տեղափոխել հիվանդանոց, ըստ նրա որդու՝ բԵրևանի ավագանու անդամ Սամվել Հակոբյանի, հորն առաջարկել են քնաբեր օգտագործել, հայտնում է «Փաստինֆո»-ն։
Ըստ վերջինիս՝ Հակոբյանի վիճակը վատացել է օգոստոսի 16-ի գիշերը։ Նրան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից շտապօգնության մեքենայով տեղափոխել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են առողջական խնդիրներ և անհրաժեշտություն՝ հետագա հետազոտությունների, սակայն որևէ գործողություն չեն իրականացրել՝ հանգստյան օրվա պատճառաբանությամբ։ Դրանից հետո նրան վերադարձրել են հիմնարկ, որտեղ նրա վիճակը կրկին վատացել է։
Սամվել Հակոբյանի խոսքով՝ թեև բժիշկների կողմից նշվել է հոսպիտալացման անհրաժեշտությունը, ՔԿՀ-ն հրաժարվել է կազմակերպել տեղափոխությունը։
«Շաբաթ օրը՝ երեկոյան շտապօգնությամբ տեղափոխել են Էրեբունի ԲԿ, որտեղ ասել են, որ ստրեսային խնդիր է՝ ճնշում, անքնություն, պետք է տեղափոխվի Սթրես կենտրոն՝ հետազոտության, կիրակի օրը պետք է մնար Էրեբունի ԲԿ-ում՝ բժիշկների հսկողության ներքո, սակայն ՔԿՀ-ից մերժել են՝ նշելով, որ պետք է տեղափոխեն ՔԿՀ, իսկ երկուշաբթի առավոտյան տեղափոխեն սթրես կենտրոն, ինչը չի իրականացվել։ Հայրս իրեն լավ չի զգում, ասել են՝ առողջական խնդիր չկա, ուղղակի անքնության խնդիր է, քնաբեր խմեք՝ քնեք»,- ասել է Հակոբյանը՝ հավելելով, որ հայրը խնդիրներ ունի սրտի հետ, ազատության մեջ գտնվելու ընթացքում էլ ժամանակ առ ժամանակ ինքնազգացողությունը վատանում էր, բայց ճնշման խնդիր չի ունեցել նախկինում։
Հակոբյանը նշել է, որ փաստացի առկա առողջական խնդիրները չեն արժանանում պատշաճ ուշադրության։
Ռուբեն Հակոբյանն կալանավորվել է հուլիսի 19-ից՝ հարցազրույցում հնչեցրած մտքերի հիման վրա։ Նրա արտահայտությունները դիտարկվել են որպես իշխանության զավթման կոչեր։ Հակոբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա գործն արդեն ուղարկվել է դատարան և մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանին։






