Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործի քննության շրջանակում արձանագրված խախտումները, ըստ նրա փաստաբանի, հասել են այն ծավալի, որ դրանց հիման վրա կարելի է իրավաբանական դասագիրք կազմել։
«Այս գործի շրջանակում այնքան քրեադատավարական խախտումներ են տեղի ունեցել, որ նույնիսկ դասագիրք կարելի է գրել՝ սկսած նախաքննության ընթացքին գլխավոր դատախազի միջամտությունից,վերջացրած՝ ԱԻՆ-ի կողմից «դռելով» այդ դուռը ծակելուն։Այսինքն՝ խախտումների մի հսկայական փաթեթ, որը որևէ քրեաիրավական գնահատականի մեջ չի տեղավորվում, բայց, կոնկրե՛տ, ԱԻՆ-ի գալը և դռելով ծակելը, պարոն Սարգսյանը ճիշտ հարցադրում արեց, թե որտեղի՞ց եկան ԱԻՆ-ի աշխատողները, ի՞նչ ընթացակարգերի շրջանակներում։ Պարզվեց, որ այդ դուռը չի բացվում, հետևաբար անհրաժեշտություն կա ԱԻՆ-ի աշխատակիցների ներկայության և նրանց կողմից ուժի գործադրմամբ դուռը բացելը», – ասել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը, մեջբերում է Panorama.am-ը։
Նրա խոսքով՝ խուզարկության ընթացքում անգամ տեսաձայնագրող անձի ինքնությունը հստակեցված չի եղել, ինչը ևս իրավական հարցեր է վերհանել։
«Առհասարակ չպարզաբանվեցին՝ այնտեղ մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները,փոխարենը կտրուկ քննիչի կողմից հրահանգավորվեցին ուղղորդումներին հետևել, ի՞նչ ասեմ, էդպես էլ պետք է անենք։ Հետո տեսաք, որ որոնողական գործողությունների ժամանակ ամենակարևորը համակարգիչները, որոնք հայտնաբերվեցին և առգրավեցին, մի տեղից ինչ-որ համակարգիչներ են վերցվում, հետո հայտնվում են համակարգիչներ, որոնք անհասկանալի է՝ առհասարակ պատկանո՞ւմ են սրբազանին, իրեն պատկանող համակարգիչներն են, թե՞ ոչ։ Օբյեկտիվորեն հարց է չէ՞ առաջանում՝ ի՞նչ վերցվեց: Մենք էստեղ իրավիճակ ունենք, որ այդ խուզարկությամբ վերցվել է DVR, բայց հետո պարզվում է, որ դա ոչ էլ DVR ձայնագրիչ է,այլ անտենայի հետ կապված սարք էր, այսինքն։ Այսինքն՝ վարույթային գործողության կատարման խախտումների մասին անվերջ կարելի է խոսել։ Այս ծավալի խախտումներ, երևի, որևէ քրեական գործով ի դերև չեն եկել»,- նշել է Ֆարմանյանը։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները ներս են մտել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, սակայն այնուհետև հեռացել են։ Աջապահյանը ինքն է ներկայացել Քննչական կոմիտե։ Հունիսի 28-ին նա կալանավորվել է։ Նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ իշխանության զավթման, տարածքային ամբողջականության խախտման, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելու ուղղությամբ հրապարակային կոչերի համար։






