AM
21 Օգոստոս 2025 - 08:11 AMT

Վարչապետի աշխատակազմը մոտ $1 մլն-ի ֆինանսավորում է պահանջում Ստոկհոլմի արբիտրաժում ՀՀ շահերը պաշտպանելու համար

ՀՀ վարչապետի աշխատակազմը նախատեսել է 1,093,750 դոլարի համարժեք դրամ ստանալ տարվա երկրորդ կիսամյակում՝ Ստոկհոլմի ընթացիկ արբիտրաժային գործով պետության շահերն ապահովելու համար։ Հարցն ընդգրկված է Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի ցանկում, հայտնում է Factor.am-ը։

Ըստ հիմնավորման՝ ֆինանսավորման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վարույթում ընթացող Liormand Holdings Limited et al. v. The Republic of Armenia գործով պահանջվում է ապահովել Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածությունն ու պատշաճ պաշտպանությունը։

Նշված է, որ այս գործով հայցվոր կողմը հունիսի 30-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին փոխանցել է միջազգային ներդրումային վեճի ծանուցում։ Դրանից անմիջապես հետո մեկնարկել են արտակարգ արբիտրաժային վարույթին վերաբերող գործողությունները։

«Արտակարգ արբիտրաժային վարույթի արդյունքում որոշումը հուլիսի 22-ին ստանալուց հետո Գրասենյակը ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության ու պատշաճ պաշտպանության նպատակով միջազգային իրավախորհրդատուի ներգրավման աշխատանքներին։ SCC վեճերի լուծման կարգավորումների համաձայն՝ արտակարգ արբիտրաժային վարույթի շրջանակներում որոշումը ստանալու պահից 30-օրյա ժամկետում կողմը կարող է ներկայացնել արբիտրաժային ծանուցում»,- պարզաբանում են կառավարությունից։

Ավելի վաղ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի պաշտպանական խորհուրդը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ՀԷՑ-ի հնարավոր պետականացման հետ կապված գործով հաղթանակ են տարել Հայաստանի կառավարության նկատմամբ միջազգային արբիտրաժում։

«Արբիտրաժը եկել է այն եզրահանգման, որ անհրաժեշտ է կիրառել ապահովման անհետաձգելի միջոցներ, քանզի ՀՀ գործողությունները «Հայաստանի և Կիպրոսի միջև գործող փոխադարձ ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագրին համապատասխանելու լուրջ կասկածներ են առաջացնում»,- ասված էր հայտարարության մեջ։