AM
21 Օգոստոս 2025 - 08:13 AMT

Փաշինյանը շնորհավորել է գործադիրի անդամներին Ադրբեջանի հետ խաղաղության առթիվ և խոսել անելիքների մեծ ծավալի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստը սկսել է շնորհավորանքով՝ նշելով, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի արդյունքում հաստատվել է խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։

«Ուզում եմ բոլորիդ շնորհավորել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով, որը տեղի ունեցավ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի արդյունքում։ Պիտի արձանագրեմ նաև, որ սրանով մեր աշխատանքը ոչ թե ամփոփվում է, այլ ընդհակառակը՝ սկսում է»,- հայտարարել է վարչապետը՝ ընդգծելով, որ երբ մի հարց լուծում է ստանում, ի հայտ են գալիս նոր խնդիրներ, որոնք ևս պահանջում են լուծումներ։

Վարչապետի համոզմամբ՝ այս հանգրվանը բացում է զարգացման նոր հորիզոններ, և ներկայիս փուլում առավել կարևոր է գործել բարձր արդյունավետությամբ, հայտնում է Panorama.am-ը։

Նա շնորհակալություն է հայտնել գործադիրի անդամներին՝ կատարված աշխատանքի, արձակուրդի ընդհատման, խորհրդակցությունների, քննարկումների և տեքստի մանրակրկիտ ուսումնասիրության համար։

«Մենք դա չենք լուսաբանել, բայց արձակուրդների ընդհատումներով, կառավարության կազմով, անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով, ՀՀ նախագահի, խորհրդարանական մեր գործընկերների մասնակցությամբ, նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկումների շարք ենք ունեցել, այսինքն, Վաշինգտոն մեկնելուց առաջ խորհրդակցություններ ու քննարկումներ ենք ունեցել, տեքստի վերլուծություններ ենք ունեցել և եկել ենք այն եզրակացության, որ այս քայլը պետք է անել և ես ուզում եմ կատարված աշխատանքի համար բոլորիդ շնորհակալություն հայտնել»,-ասել է նա, մեջբերում է «Փաստինֆոն»։

Փաշինյանը նաև կոչ է արել ակտիվացնել հանրային հաղորդակցությունը, որպեսզի քաղաքացիներն ամբողջությամբ պատկերացնեն կառավարության գործողությունների շարժառիթներն ու արդյունքները։

«Մեր քաղաքացիները պետք է հասկանան, մենք ի՞նչ ենք անում, ինչու՞ ենք անում, ի՞նչն է, որ ստացվում է, ինչն է, որ չի ստացվում, ո՞րն է դրա պատճառը»,- ընդգծել է վարչապետը։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։