2023-ի արցախյան պատերազմից և Ստեփանակերտի վառելիզի պահեստի պայթյունից հետո անհետ կորածների, հաստատված գերիների ու զոհվածների հարազատները կրկին հավաքվել են կառավարության շենքի առջև։ Նրանց թվում են նաև անձինք, որոնց հարազատները զոհվել ու հուղարկավորվել են Արցախում, և այժմ բարձրացնում են արտաշիրիմման ու աճյունների Հայաստան տեղափոխման հարցը։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ որոշակի առումով կար ձևավորված խողովակ՝ պետական կառույցների հետ աշխատանքի առումով, մասնավորապես, գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողով, որը ղեկավարում էր ԱԱԾ նախկին պետ Արմեն Աբազյանը։
«Հարազատներն ունեցել են հնարավորություն՝ տարբեր առիթներով հանդիպումներ ունենալու, ստացել հավաստիացում, որ որոշակի աշխատանքներ են իրականացվում, փորձում են պայմանավորվածություններ ձեռք բերել, բայց Արմեն Աբազյանի պաշտոնաթողությամբ պայմանավորված՝ առ այս պահը տեղեկացված չենք, թե ով է զբաղվում այդ հարցով կամ զբաղվում են ընդհանրապես արդյոք, արդյոք կառավարությունը պլանավորում է՝ որևէ մեկին նշանակելու, որ այդ հարցով զբաղվեն։ Լավագույն տարբերակն այն կլինի, որ արդեն իսկ ձևավորված աշխատանքային փորձը շարունակվի՝ նաև պարոն Աբազյանի ներգրավվածությամբ, որովհետև այդ մարդն է, որ մինչև հիմա զբաղվել է այդ հարցով և ծնողների մոտ կա համոզմունք, որ ճիշտ տարբերակն այն կլինի, որ որևէ լիազորությունների շրջանակներում նրա այդ լիազորությունները շարունակվեն»,- նշել է նա՝ հավելելով, որ ԱԱԾ նոր տնօրենն այդ մասով որևէ հստակ տեղեկացվածություն չունի և որևէ աշխատանք չի կատարում, հայտնում է Փաստինֆոն։
Արմեն Աբազյանն հունիսի 18-ին ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից, որից հետո անհետ կորածների բազմաթիվ հարազատներ սկսել են պահանջել, որ նա հետ գա՝ շարունակելու զբաղվել նրանց հարազատների հարցերով։






