«Թրամփի ուղի» նախագծի շրջանակում ստեղծվելիք հայ-ամերիկյան ընկերությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, իրականացնելու է ոչ թե վերահսկողություն, այլ բիզնեսի կառավարման գործառույթ։
«Հայաստան-Միացյալ Նահանգներ ընկերությունը ոչ թե վերահսկելու է այդ ճանապարհը, այլ կառավարելու է այդ ճանապարհը, այսինքն՝ բիզնես կառավարում է իրականացնելու», – նշել է նա, հայտնում է Արմենպրեսը:
Վարչապետը նշել է նաև փոխադարձության սկզբունքի կարևորությունը. «Մենք երբեք չենք ասել, որ պատրաստվում ենք խոչընդոտ հարուցել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցության համար: Վաշինգտոնի հռչակագրում նշված սկզբունքների շրջանակում ընդգծված է Ադրբեջանի՝ կապ ունենալու առավելությունը, և ընդգծված է Հայաստանի Հանրապետության համար՝ ներքին և միջազգային, այսինքն՝ դեպի երրորդ երկիր՝ փոխադարձ առավելություններով»:
ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտնել էր՝ ծրագրվում է, որ «Թրամփի ուղի» նախագծի շրջանակում Հայաստանում ստեղծվելիք ընկերությունը կգրանցվի՝ բաժնետոմսերի բաշխմամբ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև։
Ավելի վաղ Վաշինգտոնում ՀՀ, Աադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության էին եկել «Թրամփի երթուղին» գործարկելու շուրջ։






