Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ կառավարության կողմից շարունակաբար ձեռնարկվել են քայլեր՝ ուղղված գերիների ու անհետ կորածների խնդիրների լուծմանը, որոնց շրջանակում կատարվել են ծավալուն աշխատանքներ, մի շարք գերիներ վերադարձվել են հայրենիք, իսկ անհետ կորածների մասով որոշակի հստակեցում է ապահովվել։ Նա այս մասին խոսել է՝ ի պատասխան լրագրողների բարձրաձայնած՝ արցախցիների մտահոգությանը՝ կապված ԱԱԾ նախկին պետ Արմեն Աբազյանի պաշտոնաթողությունից հետո ստեղծված անորոշության հետ։
«Խաղաղության համաձայնագրում, որը համաձայնեցվել և նախաստորագրվել է արդեն, հատուկ կետ կա հենց այդ մասին։ Այսինքն դա այնքան կարևոր հարց է, որ համաձայնագրի կետերից մեկը հենց դրա մասին է»,- ասել է Պապոյանը, մեջբերում է AuroraNews-ը։
Հարցին՝ ինչու Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների խնդիրը չի ներառվել խաղաղության պայմանագրում, նախարարն արձագանքել է․ «Բոլոր հարցերը հասցեագրված են, լուծման ընթացքի մեջ ենք։ Ինչպես նախկինում տարբեր առիթներով մենք վերադարձրել ենք մեր գերիներին, վստահեցնում եմ, որ աշխատանքները տարվում են, և մենք հաջողության կհասնենք նաև մնացած մասերով»,-նշել է նա։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում ևս անդրադարձել էր գերիների խնդրին՝ նշելով, որ խաղաղության պայմանագրում նրանց վերաբերյալ դրույթ չի ներառվել, քանի որ Երևանը ցանկացել է այդ խնդիրը չկապել փաստաթղթի ստորագրման հետ: Փաշինյանը վստահեցրել է, որ այդ ուղղությամբ այժմ ակտիվ դիվանագիտական աշխատանքներ են ընթանում:






